Տիգրան Սարգսյանը հաջորդ տարվանից կստանձնի ԵՏՄ-ի գործադիր մարմնի նախագահի պաշտոնը
Ղազախստանի Բորովոյե բնակավայրում պետությունների նախագահների մակարդակով Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները պայմանավորվել են, թե ով կփոխարինի ռուս Վիկտոր Խրիստենկոյին Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Խրիստենկոյին կփոխարինի Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, այժմ Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը։ Այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով վարել է նախագահների նիստը, հաղորդում է rbc.ru-ն:
Խրիստենկոյի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016 թվականի փետրվարին։
«Մենք որոշում ենք կայացրել, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից Հայաստանը կնախագահի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում։ Մենք նաև որոշում ենք կայացրել, թե ով Վիկտոր Բորիսովիչ Խրիստենկոյից հետո կնախագահի հանձնաժողովը։ Դա Տիգրան Սուրենի Սարգսյանն է՝ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը։ Նրան աջակցում է Ռուսաստանի նախագահը, նա ժամանակին աշխատել է նրա հետ: Ասում են՝ շատ փորձառու, առաջադեմ մասնագետ է: Այդ պատճառով մենք նրան նաև նշանակել ենք այդ հանձնաժողովի նախագահ: Եվ փետրվարի 1-ից նա կսկսի իր աշխատանքը»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը շաբաթվա սկզբին ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ նախագահները կքննարկեն կոլեգիայի նոր ղեկավարի նշանակման կարգը, բայց կարող են և վերջնական որոշում չկայացնել: Եթե հարցը վերջնականապես չհամաձայնեցվի, ապա կստեղծվեն բոլոր պայմանները, որ մինչև վերջ այսպես թե այնպես լուծվի ղեկավարի մասին հարցը, ասել է Ուշակովը:
Ինչպես rbc.ru-ին հայտնել է հարցերի քննարկման ընթացքին ծանոթ աղբյուրը, ուրբաթ օրը նախագահների հանդիպումից առաջ հարցը դեռ որոշված չի եղել։ Քննարկվել են տարբերակներ, այդ թվում՝ անհրաժեշտ է եղել որոշել, թե որ երկրից է հարկավոր սկսել կոլեգիայի ղեկավարի ռոտացիան՝ 2015 թվականի հունվարից միացած անդամից, թե Բելառուսից, որը կանգնած է միության ակունքներում։










