Թուրքական օդուժը թուրք-սիրիական սահմանին անօդաչու է խոցել, ոչ թե ինքնաթիռ. Reuters (թարմացված)
15.17 Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրի, հայտնում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչ թե ինքնաթիռ են խոցել թուրք-սիրիական սահմանին, այլ՝ անօդաչու սարք։
Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Սիրիայի կողմից երկրի օդային տարածքը խախտած անհայտ պատկանելիության ինքնաթիռ են խոցել։ Այդ մասին ասվում է ուրբաթ օրը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությունում, հաղորդում է РИА Новости-ն։
«Այսօր Թուրքիայի օդային տարածքում՝ թուրք-սիրիական սահմանին, հայտնաբերվել է անհայտ պետական պատկանելիության ինքնաթիռ: Երեք անգամ ստացված նախազգուշացումից հետո այն շարունակել է թռիչքը Թուրքիայի օդային տարածքում։ Դրանից հետո մեր ինքնաթիռները, որոնք իրականացնում են սահմանի հսկողություն, վտանգների արձագանքման կանոնների շրջանակում կրակ են բացել և խոցել այդ ինքնաթիռը»,- ասված է փաստաթղթում։
Գլխավոր շտաբն ընդգծում է, որ երկրի օդային տարածքի խախտումներն այսուհետ վճռականորեն կկանխվեն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայում՝ ավիահարվածներ հասցնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Հաղորդվել է ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու 2 դեպքի մասին։










