Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների գործում արդարության ժամանակն է. FIDH
Բաքվում հոկտեմբերի 12-ին սկսվել է իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների գործով վերաքննիչ դատավարությունը։ Օգոստոսի 13-ին նրանք դատապարտվել են համապատասխանաբար 8,5 և 7 տարվա ազատազրկման մի դատավարության ընթացքում, որը կոպտորեն անտեսել է արդար դատաքննության և պատշաճ գործընթացի միջազգային չափանիշները, հայտնում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան՝ FIDH-ը։
Հիշեցնենք, որ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որի հետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով։
Մինչ ընթանում է վերաքննիչ դատավարությունը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի դիտորդական խումբը կոչ է արել չեղյալ հայտարարել այդ զարհուրելի դատավճիռները։ Այդ մասին ասված է fidh.org կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունում։
Նշվում է, որ հոկտեմբերի 12-ին դատարանը հետաձգել է Լեյլա և Արիֆ Յունուսների դեմ դատը հոկտեմբերի 15-ին՝ հենց դատական նիստի օրը Լեյլա Յունուսին մեղադրանքների թղթի թարգմանությունը փոխանցելուց ընդամենը 15 րոպե անց։ Լեյլա Յունուսը վարժ չի տիրապետում ադրբեջաներենին, այդ պատճառով դատական բոլոր փաստաթղթերը թարգմանվում են ռուսերեն։
Հոկտեմբերի 15-ին դատական լսումների սկսվելուն պես Արիֆ Յունուսին տեղավորել են ապակե խցիկի մեջ։ Այնուհետև սենյակ է ներս բերվել Լեյլա Յունուսը, որն անառողջ տեսք է ունեցել: Նա, այնուամենայնիվ, կարողացել է դատապարտել իրեն խիստ անհրաժեշտ բուժօգնության բացակությունը՝ նշելով, որ գերմանացի բժիշկը, որը նրան հետազոտել է 2014 թվականի դեկտեմբերին, նրան կալանավայրի հիվանդանոցում երկու ամսվա բուժում է նշանակել, մինչդեռ նրան թույլ են տվել հիվանդանոցում մնալ ընդամենը վեց օր։
Լեյլա Յունուսը շատ էմոցիոնալ է խոսել և դիմադրել է թիկնապահներին, որոնք թույլ չեն տվել նրան խոսել և փորձել են նրան խցիկ տեղափոխել։
Դահլիճում ներկա բոլոր դիտորդները ոտքի են կանգնել ի նշան Յունուսի հետ համերաշխության։ Դատավորը լռություն է պահանջել և հրահանգել է դահլիճից դուրս հանել ընդդիմության առաջնորդներից մեկին։
Դատական նիստի վերսկսվելուց հետո պաշտպանական կողմի փաստաբանը խնդրել է հետաձգել լսումները, քանի որ նրան փաստաթղթերը և դատական արձանագրություններն ուսումնասիրելու համար ժամանակ է հարկավոր եղել: Դատավորն ընդունել է դիմումը, և դատավարությունը նշանակվել է 2015 թվականի հոկտեմբերի 20-ին։










