Ադելն անակնկալ կերպով իր նոր երգից հատված է ներկայացրել՝ առաջացնելով երկրպագուների հետաքրքրությունը (տեսանյութ)
Երգչուհի Ադելը մեծ իրարանցում է առաջացրել իր երկրպագուների շրջանում՝ The X Factor հեռուստաշոուի ժամանակ իր նոր երգից 30-վայրկյանանոց հատված ներկայացնելով, գրում է The Daily Mail-ը։
«Գրեմմիի» մրցանակակիր երգչուհին նոր երգ չի թողարկել 2012 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ նա հանդես է եկել Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմի համար երգով։
Սա կլինի նրա առաջին երգը որդու ծնվելուց հետո և վերջին ալբոմի թողարկումից գրեթե հինգ տարի անց։
Հեռուստադիտողներն անմիջապես Twitter սոցցանցում իրենց հուզմունքն են արտահայտել երգի այդ կարճ հատվածը լսելուց հետո, որին զուգակցել են սև էկրանի վրա երգի խոսքերը։
Երկրպագուներն անմիջապես սկսել են արձագանքել։ Նրանցից մեկը գրել է. «Ադելի նոր երգի 20 վայրկյանից ես արդեն հուզվեցի»։
Խոսակցություններ են շրջանառվում, որ Ադելի նոր ալբոմը թողարկվելու է հաջորդ ամիս, բայց այդ մասին պաշտոնական հայտարարություններ չեն արվել։










