Դավութօղլուն պահանջում է հարգել Թուրքիայի օդային տարածքը
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Սիրիայի հակամարտության լուծմամբ հետաքրքրված կողմերին կոչ է արել հարգել Թուրքիայի օդային տարածքը, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։
«Մեր F-16 տիպի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խոցել, որը նկատվել էր Քիլիս նահանգի երկնքում։ Նույնը տեղի կունենար, եթե դա լիներ ուղղաթիռ կամ ինքնաթիռ»,- ասել է Դավութօղլուն։
Վարչապետը նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը, որոնք նախկինում դեմ էին արտահայտվում Սիրիայում իրավիճակին արտաքին միջամտությանը, ավելի վաղ ևս արել են դա։
«Իրանն ավելի վաղ էլ միջամտում էր Սիրիայի իրավիճակին՝ «Հըզբոլլահ»-ի կամ իր զինյալներին այդ երկիր ուղարկելու միջոցով, իսկ այժմ նույնն անում է Ռուսաստանը: Դա փոխել է իրադարձությունների ընթացքը՝ պետությունների միջև առճակատում սկսելու վտանգ ստեղծելով»,-ասել է երկրի վարչապետը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առաջարկել է բազմակողմանի հանդիպում անցկացնել Սիրիայի հարցով, որին կմասնակցեն Թուրքիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի ու Հորդանանի ներկայացուցիչները։
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ավելի վաղ ասել է, որ թուրք-սիրիական սահմանին խփված անօդաչու թռչող սարքը ռուսական ծագում ունի։
![]()










