Ազատ արձակելու դատավճիռը Սողոմոն Քոչարյանի համար ուշացած է, բայց ուշացած չէ մյուս ցմահ դատապարտյալների համար. փաստաբան (տեսանյութ)

14:47 • 22.10.15

Դատավճիռը՝ ազատ արձակել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին, ուշացած է, սակայն ուշացած չէ մյուս ցմահ դատապարտյալների համար.  դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ցմահ ազատազրկվածի պաշտպան Գրիշա  Բալասանյանը:

 

«Նորանկախ հանրապետությունում առաջին գործն է, որ ցմահ դատապարտյալն ազատվում է պատժի կրումից»,-ասաց փաստաբանը և նշեց, թե իշխանությունների համար դժվար էր հենց առաջին քայլն անելը:

 

«Մեզ հաջողվեց առաջին քայլն անել, կպայքարենք նաև մնացած ցմահ ազատազրկվածների իրավունքների համար, որովհետև կարծես թե ցմահ ազատազրկվածներն իրավունք չունեն»,-ասաց նա: 
 

Փաստաբանը նշեց, թե մահապատիժը թեև վերացվել է, սակայն փաստացի կարող են ասել, որ մահապատիժը շարունակվում է:


«Որովհետև բանտերում մահանում են մարդիկ, ովքեր պետք է ազատության մեջ լինեին»,-ասաց նա և հղում կատարելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվությանը՝ նշեց, որ 2012 -2014 թթ. Հայաստանի ՔԿՀ-ներում մահացել է 85 դատապարտյալ, որոնցից 14-ի ախտորոշումը համապատասխանել է կառավարության կողմից հաստատված ծանր հիվանդությունների ցանկին:

 

«Այսինքն` 14 անձ կարող էր ժամանակին ազատվել ծանր հիվանդության հիմքով»,-ասաց նա:
 

Գրիշա  Բալասանյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկները գիտեին, որ Սողոմոն Քոչարյանը սրտի իշեմիկ հիվանդություն ունի և ծանր հիվանդ է, սակայն միևնույն է՝ հանձն չէին առնում ազատ արձակել:
 

«Միանշանակ սա առաջին գործն է, այդ պատճառով խուսափում էին որոշում կայացնելուց, հաջողվեց կոտրել կարծրատիպերը: Այս իշխանության կոմպլեքսն է, մտածում են՝ իրենք ուժեղ են, ամենաարդարն են և սխալվել չեն կարող, բայց փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենազարգացած ժողովրդավարական երկրներում, ինչ վերաբերում է դատավճիռներին, ազատազրկմանը, կարող է լինել մարդկային գործոն և սխալվելու հավանականությունը մեծ է»,-ասաց նա: