Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորները անօգնական ճիչեր են արձակել, դռներին են խփել. Ժաննա Ալեքսանյանի տեղեկությունները
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ տեղեկություններ է ստացել, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորները ահավոր աղմուկ են բարձրացրել, խփում են դռներին, վայրի աղմուկ-աղաղակ է: Նա հայտնում է, որ որոշ տեղեկություններով ներսում կալանավորների նկատմամբ բռնություններ են գործադրել, մյուսներն այսպիսով իրենց բողոքն են արտահայտում:
Իր հաջորդ գրառման մեջ իրավապաշտպանը նշել է, որ ըստ ստացած տեղեկության՝ 6 -րդ մասնաշենք են գրոհել ՔԿՀ վարչության աշխատակիցները և տեղեկությունը փոխանցողի խոսքով՝ քարուքանդ արել, ինչից հետո կալանավորները պատուհաններից սկսել են անօգնական ճիչեր արձակել, շուրջ կես ժամ վայնասուն է եղել, դռներին են խփել. «Սա ահավոր մի իրավիճակ է փակված մարդկանց հետ այսպես վարվել: Ես ահազանգել եմ նաև Օմբուդսմենի թեժ գծին, ի դեպ իրենք էլ էին տեղյակ, որ ինչ որ բան է տեղի ունենում և պատրաստվում էին այցելել Նուբարաշեն»,- գրել է նա:
Իր կատարած վերջին գրառման մեջ Ժաննա Ալեքսանյանը հայտնել է.«Նուբարաշեն ՔԿՀ-ում այսօր տեղի ունեցած «նալյոտը» կոչվող վայրագությունը ցնցել է անգամ բանտում երկար տարիներ աշխատող հսկիչներին, թե ինչպես են անսպասելիորեն գեներալ մայոր Արթուր Օսիկյանի ղեկավարած վարչության աշխատակիցները դիմակավորված հարձակվել փակված անպաշտպան մարդկանց վրա, ջարդել նրանց ու քարուքանդ արել խցերը, կալանավորներն ասում են, որ այսպիսի բան բանտում տեղի չէր ունեցել 2000թ-ից ի վեր: Ընդ որում հարձակումը կրկնվել է երկու անգամ: Դե պատկերացրեք բանտարկյալների հոգեբանական վիճակը և այն մայրերի, որոնք ահաբեկված և խելագարված զանգահարում էին՝ չիմանալով ինչպես պաշտպանեն իրենց զավակներին»:










