Հոկտեմբերի 23-ից 26-ը Արարատում և Արագածոտնում 6 երեխա է սնկից թունավորվել

17:09 • 27.10.15

Մուրացան համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ  հոկտեմբերի 23-26-ը սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։


ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից դաշտից հավաքված սնկերի օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի և Արարատի մարզերում: Բժշկական կենտրոնում տուժած երեխաներին (նրանցից ամենափոքրը 10 ամսական դեռ չկա, իսկ ամենամեծը 15 տարեկան է) ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժիշկների գնահատմամբ հիվանդների վիճակը բավարար է. երեքը դուրս են գրվել, մյուսների բուժումը շարունակվում է:


Ընդամենը մի քանի օր առաջ Արագածոտնի մարզում սնկային թունավորման 2 դեպք էր արձանագրվել։ Նման դեպքերից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`


•   երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել   սունկ,

• չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել չստուգված սնկեր,


• սունկը գնել միայն շուկայից և խանութից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,

• թունավորման ախտանշաններն ի հայտ գալուն պես շտապ դիմել բժշկի:


Հիշեցնենք, որ սնկային թունավորման նախնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնային շրջանում, փորլուծություն:
 

Հոկտեմբերի 23-ից 26-ը Արարատում և Արագածոտնում 6 երեխա է սնկից թունավորվել