Պուտինը ցավակցել է կործանված ինքնաթիռի ուղևորների հարազատներին. նոյեմբերի 1-ը ՌԴ-ում սգո օր է հայտարարված

14:19 • 31.10.15

15.42  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարել Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Հաղորդվում է, որ Airbus-321 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է 17 երեխայի մարմին։ Ավելի վաղ հաղորդվել է, որ օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի։
 

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդանավի կործանման փաստի առթիվ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ռուս քննիչները մեկնում են Եգիպտոս՝ ավիավթարի հետաքննությանը մասնակցելու, տեղեկացրել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
 

 


 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Եգիպտոսի օդային տարածքում կործանված ռուսական քաղաքացիական օդանավում եղած ուղևորների հարազատներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

LifeNews-ը հրապարակել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների անունները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ցանկում հայկական ազգանվամբ (Լ. Մնացականով) ուղևոր է եղել։ Ցանկը՝ այստեղ։ 

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նախագահն արդեն հանձնարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Airbus 321 օդանավի կործանման փաստով պետական հանձնաժողով ստեղծել։

 

Նախագահը հանձնարարել է նաև ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովին նախարարության օդանավերն ուղարկել ավիաաղետի վայր:

 

Նշվում է նաև, որ երկրի նախագահը ՌԴ Արտակարգ իրավիճակների  և Առողջապահության նախարարությունների ղեկավարությանը հանձնարարել է անհապաղ կազմակերպել ավիաաղետի հետևանքով զոհվածների հարազատներին օգնության տրամադրման գործընթացը։

 

Reuters գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռի բեկորների տակից տեղ են հասնում ողջ մնացած ուղևորների ձայները։ Այժմ եգիպտոսցի փրկարարներն աշխատում են դեպքի վայրում` փորձելով գտնել ու դուրս բերել փրկվածներին, որոնց ձայները լսվում են ներսից:

 

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Когалымавиа» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռը, որում եղել է 217 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը, անհետացել է ռադարներից թռիչքից 23 րոպե անց:

 

Ըստ տվյալների՝ օդաչուն խնդրել է դիսպետչերներից տեխնիկական խնդիրների պատճառով շեղվել նախանշված ուղուց ու վայրէջք կատարել Կահիրեում: Դրանից հետո ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է:

 

Օդանավի կործանման վերաբերյալ բոլոր տեղեկություններին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։ 

Պուտինը ցավակցել է կործանված ինքնաթիռի ուղևորների հարազատներին. նոյեմբերի 1-ը ՌԴ-ում սգո օր է հայտարարված