Լոնդոնը հնարավոր է համարում ԻՊ-ի ներգրավվածությունը ռուսական ինքնաթիռի կործանման հարցում

13:35 • 05.11.15

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտնել է հիմքերի առկայության մասին, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ «Իսլամական պետություն» խմբավորմանը ենթակա խմբավորումը պատասխանատու է Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի աղետի համար, գրում է lenta.ru-ն։

 

Արտգործնախարարը հիշեցրել է «Վիլայաթ Սինայ» («Իսլամական պետության Սինայի շրջան») կազմակերպության հայտարարությունը, որտեղ կազմակերպությունը պնդում էր, որ ներգրավված է Airbus A321-ի ընկնելու գործում։

 

«Մենք նայում ենք ողջ տեղեկատվական պատկերին, այդ թվում՝ տվյալ հայտարարությանը, իհարկե նաև շատ այլ տեղեկությունների (որոնք հաստատում են դա), այդ պատճառով դրա հավանականությունն իրական է»,- նշել է Համոնդը:

 

Ավելի վաղ չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 4-ին, բրիտանական կառավարությունը մտավախություն է հայտնել, որ աղետի պատճառ կարող էր դառնալ պայթուցիկ սարքը: Համոնդն ավելի ուշ նաև նշել է, որ հավանաբար ինքնաթիռում ռումբ է դրված եղել: Նոյեմբերի 5-ին CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ հետախուզության ենթադրությունների համաձայն՝ ինքնաթիռը հավանաբար ընկել է ԻՊ-ի կամ նրա հետ կապված կազմակերպության կողմից դրված ռումբի աշխատելուց հետո:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանած ինքնաթիռը կործանվել էր Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։