Երկարատև ընդմիջումից հետո սնունդ ու վառելիք տեղափոխող առաջին մեքենաներն ազատագրված ճանապարհով մտել են Հալեպ
Սիրիայի Հալեպ քաղաքն արտաքին աշխարհի հետ կապող Ասրիե-Խանասեր ճանապարհի ազատագրումից հետո առաջին բեռնատարներն են հասել Հալեպ։
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, բեռնատարները երեկ սննդամթերք, բանջարեղեն ու վառելանյութ են հասցրել Հալեպ։
Անվտանգ տեղ են հասել նաև մարդատար մեքենաները։
Սիրիայի վարչապետ Ուաել ալ-Հալքիի հրահանգով՝ առաջիկա օրերին Հալեպ մեծ քանակությամբ վառելանյութ ու սննդամթերք է ուղարկվելու։
Սիրիայում ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսական ավիացիայի հասցրած ավիահարվածների օգնությամբ սիրիական բանակը կարողանում է որոշակի առաջընթաց գրանցել որոշ շրջաններում։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Հալեպում, որի տարբեր շրջաններ տարբեր, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ են։
Վերջին օրերին փակվել էր Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, և քաղաքը զրկվել էր սննդամթերքի ու վառելանյութի առաքումից։ Ճանապարհն ազատագրվել է օրեր առաջ։










