Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Լևոն Հայրապետյանի գործն ուղարկել է դատարան
Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի դեմ քրեական գործը դատարան ուղարկելու մասին։ Նա մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրի 159-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հանցագործության համար (խարդախություն), գրում է kommersant.ru-ն:
«Նախաքննության տվյալներով 2010 թվականի հունիսից մինչև օգոստոս Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ խաբեության և վստահության չարաշահման ճանապարհով Մոսկվա քաղաքի բնակչուհուն շփոթության մեջ է գցել՝ խոստանալով դրամական պարգևատրման դիմաց հասնել նրա որդու համար ավելի մեղմ դատավճռի կայացման։ Դրա համար Լևոն Հայրապետյանը նրանից 700 հազար դոլարի չափով գումար է ստացել։ Իրականում այդ դատական որոշման վրա ազդելու հնարավորություն Հայրապետյանը չի ունեցել»,- ասված է Ռուսաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին, հաղորդվել է, որ ՌԴ-ում քննությունը տնային կալանքից ազատել է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի յուրացման գործով մեղադրվող ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին։
Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել էր սեպտեմբերի 15-ին։ «Բաշնեֆտ»-ի գործով նա կալանքի տակ է եղել անցած տարվա հուլիսի 17-ից, իսկ խարդախության ճանապարհով Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից ստացած 700 հազար դոլարի յուրացման մասին մյուս գործով՝ անցած տարվա սեպտեմբերից։
Գործարարը նաև մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերության վաճառքին ներգրավվածության համար։ Մասշտաբային արբիտրաժային գործընթացի հետևանքով «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը։










