A321 օդանավի կործանման պատճառը Եգիպտոսի հատուկ ծառայությունների «դավաճանությունն» է եղել. Коммерсантъ

09:51 • 10.11.15

Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական A321 օդանավի կործանման պատճառը Եգիպտոսի հատուկ ծառայությունների «դավաճանությունն» է եղել։ Այդ մասին գրում է Коммерсантъ թերթը` վկայակոչելով պետկառույցներում աղբյուրների։

 

«Ինչ էլ որ տեղի ունեցած լինի, սա եգիպտական հատուկ ծառայությունների համար լուրջ տապալում էր»,-ասել է աղբյուրը։

 

Коммерсантъ-ի ունեցած տվյալների համաձայն՝ ներկայում ստուգվում է այն տեղեկությունը, ըստ որի «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանած A321 օդանավում անհայտ պատճառներով թռիչքից առաջ կողմնակի անձինք են եղել:

 

Բացի այդ, Коммерсантъ-ը հավելում է, որ դեպի Եգիպտոս թռիչքների իրականացման համար սահմանված ժամանակավոր արգելքը կարող է տևել «մի քանի տարի»։ Այդ մասին պարբերականին հայտնել է ՌԴ կառավարությունում աղբյուրը։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի դեռ չեն պարզվել ավիաաղետի պատճառները:

 

Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավը, որում եղել էր 224 մարդ, կործանվել է հոկտեմբերի 31-ին` օդ բարձրանալուց 23 րոպե անց: Ըստ արևմտյան երկրների՝ մեծ է ահաբեկչության իրականացման վարկածի հավանականությունը։

A321 օդանավի կործանման պատճառը Եգիպտոսի հատուկ ծառայությունների «դավաճանությունն» է եղել. Коммерсантъ