Նոր պայթյուններ և հրաձգություններ Փարիզում (տարբերակ 13)
17։05
Փարիզի արվարձաններում նոր պայթյուններ և հրաձգություն է արձանագրվել:
Daily Mail-ը հայտնում է, որ Բանյոլեի շրջանում օդ են բարձրացվել ուղղաթիռներ, ոստիկանական մեքենաները հետապնդում են սկսել:
Ըստ աղբյուրի` նախնական տվյալների` հետապնդվում են երեք կասկածյալի: Տեղացիներին հրահանգում են մնալ տներում:
Սա տեղի է ունենում Փարիզի գիշերվա աննախադեպ ահաբեկչական հարձակումների ֆոնին` 6 հարձակումներից 12 ժամ անց:
15.15
«Ւսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը։ ԻՊ-ի հայտարարության մեջ Ֆրանսիան նշվում է գլխավոր թիրախներից մեկը։ Նշվում է նաև, որ հարձակումների շարքին մասնակցել է 8 ահաբեկիչ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
14.48
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի համար մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, տեղեկացնում է Газета.ru-ն։
«Սա պատերազմական գործողություն է, և այս հարձակման հետևում ահաբեկչական բանակ է, «Իսլամական պետությունը», ջիհադականները, որոնք դուրս են եկել Ֆրանսիայի և այն արժեքների դեմ, որոնք մենք պաշտպանում ենք ողջ աշխարհում»,-ասել է նա։
Օլանդը նաև հաղորդել է այն մասին, որ նոյեմբերի 16-ին խորհրդարանի արտահերթ նիստ տեղի կունենա։
14.25
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսաուղերձ է հղել, որում հայտարարել է Ֆրանսիայում ահաբեկչության շարունակության մասին։
«Քանի դեռ դուք շարունակում եք ռմբակոծել, խաղաղություն չեք տեսնելու։ Դուք վախենալու եք անգամ խանութ մտնելիս»,-ասված է ուղերձում։
Նշվում է, որ այդ տեսանյութը հրապարակվել է առանց ամսաթվի ու ժամի, և հայտնի չէ, թե երբ է այն նկարահանվել։
13.35
Փարիզի դատախազությունը հաղորդում է ուրբաթ երեկոյան քաղաքի միաժամանակ մի քանի վայրերում իրականացված ահաբեկչությունների հետևանքով 128 մարդու մահվան մասին, 99 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ գերատեսչության աղբյուրի հղումով։
12.29
ԱՄՆ-ի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերին ու Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը մեկնել են Վիեննայում գտնվող «Բրիստոլ» հյուրանոց, որտեղ գտնվում է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հաղորդում է ТАСС-ը։
Դիվանագիտական աղբյուրի հաղորդմամբ՝ արտգործնախարարները կարող են երկկողմ և բազմակողմ բանակցությունների շարք իրականացնել, որոնց կմասնակցի Ֆաբիուսը։
11.31
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պաշտոնական հայտարարություն է հրապարակել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ, տեղեկացնում է korrespondent.net-ը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտում են բարբարոսական և անհոգի ահաբեկչական հարձակումները, որոնք նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի են ունեցել Փարիզի մի շարք շրջաններում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն իրենց խոր ցավակցությունն են հայտնում զոհերի ընտանիքներին ու Ֆրանսիայի իշխանություններին ու միաժամանակ ընդգծում, որ անհրաժեշտ է ահաբեկչական գործողություններն իրականացնողներին պատասխանատվության ենթարկել»,- ասված է հայտարարությունում։
Իր հերթին, Եվրամիության ներկայացուցիչ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն կոչ է անում Թուրքիայում ընթացող G20 գագաթնաժողովին մասնակցող անդամ երկրների առաջնորդներին արձագանքել փարիզյան ահաբեկչության սպառնալիքներին. տեղեկացնում է РИА Новости-ն։
9.52
Փարիզի «Բատակլան» համերգասրահում համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության ականատեսները պատմել են, թե ինչ է կատարվել համերգասրահում գործողության ժամանակ, հայտնում է ru.euronews.com-ը։
«Մտան մի քանի մարդիկ և սկսեցին կրակել անմիջապես մուտքի մոտից։ Կրակում էին մարդկանց վրա՝ բացականչելով՝ «Ալլահ Աքբար»։ Ես լսում էի, թե նրանք ինչպես են լիցքավորում զենքերը։ Համերգը դադարեցվեց, բոլորը պառկեցին գետնին։ Նրանք շարունակում էին կրակել մարդկանց վրա։ Դա դժոխք էր»,- հեկեկալով պատմել է ականատեսներից մեկը։
«Ես բռնեցի մայրիկիս ձեռքը, և մենք պառկեցինք գետնին։ Հետո մենք վազեցինք ելքի մոտ։ Դա սարսափելի էր»,- պատմել է մեկ այլ ականատես՝ նշելով, որ չի հասցրել նորմալ տեսնել հարձակվողներին։
9.19
ԱՄՆ հետախուզությունը հակված է այն վարկածին, որ Փարիզի ահաբեկչությունները, դատելով իրենց կատարման բարդությունից, հնարավոր է՝ կազմակերպել է «Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորումը, այլ ոչ թե «Իսլամական պետությունը», հայտնում է РИА Новости-ն` ամերիկյան NBC հեռուստաալիքին հղումով։
Ալիքը հիմնվում է ԱՄՆ հետախուզությունում ահաբեկչության դեմ պայքարի հարցով բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերի վրա:
«Փարիզում հարձակումներն իրենց բարդությամբ չեն համապատասխանում ԻՊ-ի աշխատանքին: Համակարգման մակարդակն ավելի շուտ մատնանշում է «Ալ- Կաիդա»-ին»,- հայտնում է աղբյուրը:
8.57
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում իրականացված մի շարք ահաբեկչություններից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, հայտնում է РИА Новости-ն` ֆրանսիացի նախագահի շրջապատին հղումով։
Աղբյուրը հայտնում է, որ պետությունների առաջնորդները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին մասնակցությունը։ Ավելի վաղ Օբաման հայտնել էր, որ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Ֆրանսիային Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ:
8.20
Փարիզում այս գիշեր իրականացված ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 200 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Figaro թերթին:
Աղբյուրի տվյալներով` 215 վիրավորներից 83-ը գտնվում են ծանր վիճակում:
Վերջին տվյալների համաձայն` Փարիզում այս գիշեր տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը:
7:53
Փարիզում հարձակումների հետևանքով չեզոքացվել է 8 ահաբեկիչ, հայտնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով հետաքննությանը մոտ աղբյուրներին:
6:00
Փարիզում այս գիշեր տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ: Երկրի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել միաժամանակ 6 կետերում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նախնական տվյալներով` ահաբեկչություններն իրականացրել են 5 ահաբեկիչներ:
Մոտ 100 մարդ մահացել է Փարիզի «Բատակլան» թատրոնում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել մարդկանց: Մոտ 40 մարդ էլ ահաբեկչության զոհ է դարձել մայրաքաղաքի այլ թաղամասերում, հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Փարիզի քաղաքապետարանին:
Թատրոնի վրա գրոհի արդյունքում չեզոքացվել է 3 ահաբեկիչ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն արդեն ստանձնել է Փարիզում ահաբեկչական հարձակումների պատասախանատվությունը:
Այնուամենայնիվ, SITE կազմակերպությունը, որը համացանցում իսլամիստների ակտիվության մոնիթորինգ է անցկացնում, հաղորդում է, որ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռ չի ստանձնել Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը:

















