Փարիզյան համերգասրահի հանդիսատեսն ահաբեկչության ժամանակ կարծել է, թե կրակոցները ներկայացման մաս են
Փարիզի «Բատակլան» համերգասրահ այցելած հանդիսատեսը կարծել է, թե ռոք համերգի ժամանակ կրակոցները ներկայացման մաս են։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պատմել է ահաբեկչությունից փրկված Նինա անունով աղջիկը։
Ռոք համերգի ժամանակ ահաբեկիչները պատանդ են վերցրել մարդկանց, զոհվել է 110 մարդ։
«Ես «Բատակլան» էի եկել իմ ընկերների հետ։ Մենք դահլիճում էինք, երբ լսեցինք կրակոցների ձայներ։ Սկզբում կարծեցինք, թե դա ներկայացման մաս է։ Հետո գլուխներս շրջեցինք և տեսանք, որ զինված անձինք են կանգնած, տեսանք դիեր։ Մենք միանգամից պառկեցինք գետնին, և ահաբեկիչներն ասացին, որ այդպես էլ մնանք»,- պատմել է նա։
Հակառակ դեպքում ահաբեկիչները սպառնում էին սպանել բոլորին։ «Դիեր կային ամենուր։ Ես հիմա սա թեթև եմ ասում, բայց իրականում դա ահավոր էր։ Լավ է, որ իմ բոլոր ընկերները ողջ և առողջ են։ Ոստիկանները մեզ ցույց տվեցին՝ ուր գնանք։ Մարդիկ օգնում էին մեզ՝ սուրճ, ջուր, շոկոլադ տալիս»,- ասել է աղջիկը։
Նա, սակայն, ասել է, որ ոստիկանությունն ուշ է դեպքի վայր հասել։ «Մենք մեկուկես ժամ պառկած ենք եղել գետնին»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Փարիզում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն հնչել է մարզադաշտի հարևանությամբ:Բացի այդ, ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալներով մահացել է առնվազն 158 մարդ:










