Փարիզի արվարձանում հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է արգելափակված վերջին ահաբեկիչը. iTele (տարբերակ 5, լուսանկարներ, տեսանյութ)
12.03
Ֆրանսիական iTele հեռուստաալիքի տվյալներով՝ Փարիզի Սեն Դենի արվարձանում իրականացված հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է արգելափակված վերջին ահաբեկիչը։ Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, երեք ահաբեկիչ սպանվել է, երեքը՝ ձերբակալվել։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկիչներից մեկը մնացել է բնակարանում: Ենթադրաբար՝ նա կապված է Ֆրանսիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունների հետ։
11.22
Կին մահապարտ ահաբեկիչը, ով մահացել է Փարիզի արվարձանում հատուկ գործողության ընթացքում, հասցրել է ակտիվացնել պայթուցիկ սարքը։ Այդ մասին հայտնում է BFM-ն՝ վկայակոչելով քննության իր աղբյուրին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկաններն են ոչնչացրել նրան։
10.44
Փարիզի արվարձան Սեն Դենիում պայթյուններ են լսվել՝ 4 պայթյուն, հաղորդում է The Guardian-ը։ Թերթի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել լրացուցիչ ռազմական ուժեր։ Լրագրողներից մեկը Twitter-ում հրապարակել է ռազմական մեքենայի լուսանկարը։
Հայտնի է, որ ոստիկանության հատուկ ջոկատները պաշարել են Սեն Դենիում՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակարաններից մեկը, որտեղ ենթադրաբար արգելափակված է Փարիզի հարձակումների ղեկավար Աբդել-Համիդ Աբու Օուդը, ինչպես նաև Սալահ Աբդեսլամը և ևս մեկ կասկածյալ, որը ենթադրաբար Փարիզի ահաբեկչությունների իններորդ մասնակիցն է:
10.10
Փարիզի Սեն Դենի արվարձանում փոխհրաձգության ընթացքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված 2 մարդ է սպանվել։ Այդ մասին ֆրանսիական Le Monde թերթին հայտնել է ոստիկանությունում աղբյուրը։
Կան նաև չհաստատված տեղեկություններ փոխհրաձգությանը մասնակցած երրորդ մարդու մահվան մասին, բայց քանի որ ոստիկանական գործողությունը դեռ շարունակվում է, այդ տեղեկությունը հնարավոր չէ ճշտել։
Ոստիկանությունում ենթադրում են, որ հատուկջոկատայինների շրջափակման մեջ հայտնված մարդկանցից մեկը Սալահ Աբդեսլամն է՝ Փարիզի ահաբեկիչներից մեկի եղբայրը, որը հետախուզման մեջ է գտնվում ահաբեկչություններին ներգրավվածության առնչությամբ։
The Guardian-ի տվյալներով՝ առնվազն մեկ ոստիկան է վիրավորվել փոխհրաձգության հետևանքով:
Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ ոստիկանական գործողության թիրախն Աբդել-Համիդ Աբու Օուդն է, որը ենթադրվում է, որ եղել է Փարիզի հարձակումների ղեկավարը։ Մինչ այդ ենթադրվում էր, որ նա այժմ գտնվում է Սիրիայում։
Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է երեք մարդ, որոնք ենթադրաբար կապված են նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հետ, գրում է gazeta.ru-ն։
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ևս երկու-երեք կասկածյալ արգելափակված է մնում բնակարաններից մեկում։
Նշվում է նաև, որ այժմ կրակոցների ձայներ չեն լսվում, երկնքից ուղղաթիռը հսկողություն է իրականացնում:
Ավելի վաղ հաղորդվել է փոխհրաձգության մասին, որի ընթացքում մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Բացի այդ, «Բատակլան» թատրոնում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսականներին: Վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել ավելի քան 300-ը։















