Եգիպտոսի հյուրանոցներից մեկի մոտ պայթյուններ են տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ (թարմացված)
10.59
Եգիպտոսում Սինայի թերակղզու Էլ-Արիշ քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքում գրանցված 2 պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Մահացածների թվում է 1 ոստիկան, վիրավորների թվում՝ ոստիկանության 9 աշխատակից։
Ոստիկանության տվյալներով՝ հյուրանոցի մոտ, որտեղ ապրում էին խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող դատավորներ, սկզբից պայթել է ականապատված մեքենա, իսկ որոշ ժամանակ անց որոտացել է ևս մի պայթյուն։
Երկու ռումբ է պայթել Եգիպտոսի Էլ-Արիշ քաղաքի հյուրանոցներից մեկի մոտակայքում (Հյուսիսային Սինայի շրջան), հաղորդում է Reuters գործակալությունը։
Առնվազն մեկ մարդ է զոհվել: Նշվում է, որ միջադեպի պահին հյուրանոցում բնակվում էին ընտրությունների համար պատասխանատու դատավորներ։
Դեպքը տեղի է ունեցել Սինայի թերակղզում, որտեղ ակտիվ են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները և որտեղ կործանվել է ռուսական A321 ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 224 մարդ։










