Միասին մենք կոչնչացնենք ԻՊ-ին. կայացել է Օլանդ-Օբամա հանդիպումը, հնչել են հայտարարություններ

21:57 • 24.11.15

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը:

Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել մի շարք հայտարարություններով, որոնք Tert.am-ի ամփոփմամբ ունեն հետևյալ տեսքը:

Daily Mail-ի փոխանցմամբ` Օբաման մասնավորապես ասել է, որ «Իսլամական պետությանը» չի կարելի հանդուրժել, դա պետք է վերացվի, և միասին դա հնարավոր է անել:

Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ կուժգնացնեն ԻՊ-ի դեմ իրենց պայքարը Սիրիայում և Իրաքում:

Օլանդը կոչ է արել անհապաղ փակել սահմանը Թուրքիայի ու Սիրիայի միջև` այդ կերպ խոչընդոտելու համար ահաբեկիչների մուտքը Եվրոպա, հայտնում է Sky News-ը: Օբաման էլ նույնքան հրատապ է համարել, որպեսզի ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կիսեն թռիչքների ու ուղևորների վերաբերյալ տեղեկատվություն միմյանց հետ:

Անդրադառնալով Փարիզի ահաբեկչություններին` Օբաման ասել է, որ այդ երեկո ամերիկացիները ևս սգում էին, իսկ Օլանդը նշել է, որ Օբաման առաջին առաջնորդն էր, որ Փարիզի ահաբեկչությունից հետո զանգահարել էր իրեն:

Օլանդը, նկատել է, որ Ֆրանսիան հարձակման է ենթարկվել իր դիրքորոշման համար, ուստի Ֆրանսիային թիրախ դարձնելը նույնն է, ինչ թիրախ դարձնել աշխարհը:

Իր հերթին Օբաման ասել է, որ «ամերիկացիներին անհնար է ահաբեկել», և ԱՄՆ-ի իշխանությունները կանեն ամեն ինչ իրենց երկիրը պաշտպանելու համար:

Օբաման նշել է նաև, որ ի վերջո իրենք հաղթելու են, իսկ ԻՊ-ի պես խմբավորումները` պարտություն կրելու, քանի որ իրենք չեն կարող ահաբեկիչներին թույլ տալ հաղթել ու փոխել մարդկանց կացութաձևը:

Կողմերը հայտարարել են, որ ահաբեկչության դեմ պայքարում Ֆրանսիան ու ԱՄՆ-ն «լիակատար համերաշխություն են դրսևորում» և «արդար պատասխան կտան ահաբեկիչներին»:

Օլանդը հավելել է, որ 2 օրից հանդիպելու է նաև Ռուսաստանի Նախագահ Պուտինին և այդ ժամանակ պարզ կլինի` արդյո՞ք Ֆրանսիան կաշխատի Ռուսաստանի հետ` ԻՊ-ի դեմ պայքարում:

 

Միասին մենք կոչնչացնենք ԻՊ-ին. կայացել է Օլանդ-Օբամա հանդիպումը, հնչել են հայտարարություններ