Օլանդը Մոսկվայում կոչ է արել Պուտինին միանալ ԻՊ-ի դեմ «մեծ կոալիցիային». մանրամասներ` երկու երկրների նախագահների հանդիպումից
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր երեկոյան ժամանել է Մոսկվա, Կրեմլում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:
Tert.am-ի ամփոփումը` ըստ այդ հանդիպմանը ռուսաստանյան ու արտասահմանյան մամուլի անդրադարձների:
Այսպես «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն արձանագրում է, որ հանդիպմանը Օլանդը Պուտինին դիմել է` «մոն շեր Վլադիմիր»` «Իմ բարեկամ Վլադիմիր»: Պուտինը, BBC-ի փոխանցմամբ, ընդգծված պաշտոնական է եղել Օլանդի հետ` նրան դիմել է «Դուք»-ով:
Նախ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը սգում է Փարիզի ահաբեկչության զոհերի համար:
Reuters-ի հաղորդմամբ՝ Օլանդը կոչ է արել Պուտինին միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիային։ Նրա խոսքով՝ այդ նպատակի համար գերտերությունները պետք է «մեծ կոալիցիա» կազմեն։
Associated Press-ի փոխանցմամբ` Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությանը` ահաբեկչության դեմ պայքարում:
«Վեդոմոստին», մեջբերելով Պուտինին, նշում է. «Ահաբեկչությունները միավորում են Ռուսաստանին ու Ֆրանսիային` համընդհանուր չարիքի դեմ պայքարում»:
«Կոմերսանտ»-ը նույն հանդիպման առիթով փոխանցում է հակաահաբեկչական դաշինք ստեղծելու հարցում Օլանդի ջանքերի բարձր գնահատանքը Պուտինի կողմից:
Սոցցանցերում էլ արձանագրել են, որ Օլանդը Պուտինի հետ հանդիպումից հետևյալ լուսանկարն է հրապարակել Instagram-ում` նշելով, որ Կրեմլում է:











