Ռուսաստանն արդեն այսօր կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ. «Коммерсантъ»
Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը Թուրքիայի համար պատժամիջոցներով կավարտվի։ Ռուսաստանը կսահմանափակի Թուրքիայից մթերքի և այլ ապրանքների ներմուծումը: Սահմանափակումների մասին կարող է հայտարարվել արդեն այսօր, գրում է «Коммерсантъ»-ը՝ կառավարության աղբյուրներին, ինչպես նաև թուրքական մատակարարների հետ աշխատող գործարարներին հղումով:
Ապրանքների ցանկը, որոնք սահմանափակումների ցուցակում կհայտնվեն, դեռ չկա։ Իշխանությունները քննարկում են հարցը:
Արգելքը կարող է սահմանվել «Ռոսսելխոզնադզորի» ու «Ռոսպոտրեբնադզորի» միջոցով։
Գերատեսչությունները տեղեկությունները չեն մեկնաբանում:
Դաշնային մաքսային ծառայությունը, սակայն, արդեն ստացել է «Թուրքիայից վտանգի մասին» զգուշացումը: Մաքսակետի աշխատակիցները թուրքական ապրանքների ներմուծումը թույլ տալու համար 100%-անոց ստուգում պետք է իրականացնեն։
Թուրքիային բաժին է ընկնում Ռուսաստան ներմուծվող մթերքի 4 տոկոսը: Նախորդ 10 ամիսներին Թուրքիան 1մլրդ դոլարի արտադրանք է ուղարկել Ռուսաստան՝ հիմնականում ցիտրուսային մրգերի ու լոլիկի տեսքով:
Սակայն Գյուղատնտեսության նախարարությունն արդեն պատրաստ է այդ ապրանքները փոխարինել Իրանից, Մարոկկոյից, Իսրայելից ու այլ երկրներից եկող ապրանքներով։










