Փարիզի ահաբեկիչները զենքը գնել էին համացանցի միջոցով՝ Գերմանիայից. լրատվամիջոցներ
Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք իրականացրած ահաբեկիչներն ինքնաձիգները ձեռք են բերել համացանցի միջոցով՝ Գերմանիայի գաղտնի զինավաճառներից, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ գերմանական լրատվամիջոցների հղումով:
Bild պարբերականը, հղում անելով քննության աղբյուրներին, հաղորդում է, որ նոյեմբերի սկզբին զենքերը պատվիրվել են Բադեն-Վյուրտեմբերգում մի առևտրականի։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը չինական արտադրության երկու АК-47-ի, և հարավսլավական երկու Zastava M70 ինքնաձիգների մասին է (Կալաշնիկով զենքի չարտոնագրված կրկնօրինակը):
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն հնչել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում: Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչները մարդկանց պատանդ էին վերցրել: Զոհվել է շուրջ 130 մարդ, մոտ 300 հոգի՝ վիրավորվել:










