Ասադը հայտնել է Սիրիայում գրոհայիններին աջակցելու հարցում Թուրքիայի և այլ պետությունների դերի մասին

09:26 • 02.12.15

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չեխական հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ ֆինանսները և զենքն ահաբեկիչների համար գալիս են հիմնականում Թուրքիայի միջոցով` Սաուդյան Արաբիայի և Քաթարի աջակցությամբ։

 

Նա նաև նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարին ՌԴ-ի մասնակցությունն է միայն ստիպել «Իսլամական պետություն» խմբավորմանը նահանջել, փոխանցում է РИА Новости-ն:


Ասադը պատմել է նաև, որ Դամասկոսը բանակցություններ է վարում միաժամանակ քաղաքական ընդդիմության և զինված խմբավորումների հետ` վերջիններիս համաներում խոստանալով՝ զենքը հանձնելուց հետո: Սիրիացի նախագահն ընդգծել է, որ սիրիական իրական ընդդիմությունը պետք է ստեղծվի Սիրիայում, այլ ոչ թե ձևավորվի արտերկրում:

 

Սիրիացի առաջնորդը նշել է, որ ինքը պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից, եթե սիրիացիները չքվեարկեն իր օգտին ընտրություններում, սակայն այժմ` պատերազմի թեժ պահին, չի լքի այդ պաշտոնը:
 

Ասադը հայտնել է Սիրիայում գրոհայիններին աջակցելու հարցում Թուրքիայի և այլ պետությունների դերի մասին