Պուտինը խոստացել է, որ թուրքական իշխանությունները միայն լոլիկներով ու այլ պատժամիջոցներով չեն ազատվի (տարբերակ 5)
13.56
Ռուսաստանը չի պատրաստվում կոշտ ռազմական ուժ կիրառել՝ ի պատասխան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման. այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դաշնային ժողովին ուղղված ելույթում։
Նա, սակայն, նշել է, որ տնտեսական ոլորտում սահմանափակումներով հարցը չի փակվելու։
«Հիմնականում մեր գործողությունները պատասխանատու են լինելու մեր երկրի, մեր ժողովրդի առաջ: Մենք չենք պատրաստվում ու չենք կռվելու զենքով»,-ասել է պետության ղեկավարը:
«Սակայն եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ռազմական հանցագործություն գործելով, մեր մարդկանց սպանելով նրանք լոլիկներով և շինարարության կամ այլ ոլորտներում ինչ-որ սահմանափակումներով են ազատվելու, խորապես սխալվում են»,- նախազգուշացրել է Պուտինը։
13.46 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրին սպառնացող հիմնական վտանգն է համարել Սիրիայում կռվող զինյալներին, որոնց թվում ՌԴ-ից ու ԱՊՀ-ից մեկնածներ կան, տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Նրանք գումար են ստանում, զենք, ուժեր են կուտակում և եթե հաղթեն այնտեղ, ապա անխուսափելիորեն կհայտնվեն մեզ մոտ, որպեսզի վախ ու ատելություն սփռեն, պայթեցնեն, սպանեն, տանջեն մարդկանց»,-ասել է Պուտինը՝ նշելով, որ իրենք պարտավոր են նրանց ոչնչացնել հեռվում:
Պուտինը հավելել է, որ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել Սիրիայում օդային գործողություն սկսել։
13.28 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ելույթում հայտարարել է, թե բոլորը գիտեն, թե ով է իր գրպանները լցնում Թուրքիայում:
«Մենք գիտենք, թե ով է Թուրքիայում իր գրպանները լցնում Սիրիայից գողացված նավթի վաճառքից: Մենք հասկանում ենք նաև այն, որ հենց Թուրքիայում են թաքնվել զինյալները, որոնք 1990-ականներին կռվել են ՀյուսիսայինԿովկասում: Միևնույն ժամանակ թուրք ժողովուրդը բարի է, աշխատասեր ու տաղանդավոր: Թուրքիայում մենք շատ վստահելի բարեկամներ ունենք»,-հայտարարել է Պուտինը:
Անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին խոցված Սու-24 ինքնաթիռի միջադեպին՝ Պուտինը նշել է,որ միայն «Ալլահը գիտի, թե ինչու թուրքերն արեցին դա»:
«Ես առհասարակ չեմ հասկանում, թե ինչու նրանք արեցին դա: Ցանկացած հարց կարելի էր լուծել այլ ճանապարհով: Մենք պատրաստ էինք համագործակցել Թուրքիայի հետ ամենազգայուն հարցերում»,- ասել է նա։
Պուտինը Թուրքիային նաև մեղադրել է ռուս օդաչուին թիկունքից հարվածելու համար։
13.05 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթի սկզբում շնորհակալություն է հայտնել ռուս զինծառայողներին, որոնք մասնակցում են Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարին։ Նա նշել է, որ դահլիճում են Սիրիայում զոհված զինծառայողների հարազատները։ Պուտինի խնդրանքով՝ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղում Դաշնային ժողովին։
Կրեմլում նախագահի ելույթը լուսաբանելու համար գրանցվել են ավելի քան 500 լրագրողներ Ռուսաստանից ու արտասահմանից:
Սա Պուտինի արդեն 12-րդ ուղերձն է խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչներին:
Ելույթը լսելու համար հրավիրված են Պետդումայի ու Դաշնային խորհրդի անդամները, նախարարներ ու կրոնական առաջնորդներ:
«Ведомости»-ն ավելի վաղ բացահայտել էր, թե ինչի մասին է լինելու Պուտինի ուղերձը: Ըստ տնտեսական բլոկի պաշտոնյաների՝ երկրի նախագահն ուղերձում անդրադառնալու է բիզնեսի քրեական հետապնդման ու կարգավորող մարմինների գործունեությանը:
Պարբերականի տվյալներով՝ պետության ղեկավարի ուղերձը բարեկամական է լինելու բիզնեսի նկատմամբ: Աղբյուրները պնդում են, որ նախագահը դարձյալ պատրաստ է ոչ միայն երկարաձգել կապիտալների գործունեության համաներումը մեկ տարով, այլև խստացնել օրենքը:










