«Երևան Մոլ»-ում այսօր բացվեց 5 կինոդահլիճներից բաղկացած «Կինոպարկ» կինոթատրոնը

17:20 • 05.12.15

«Երևան Մոլ» բազմաֆունկցիոնալ կենտրոնում այսօր պաշտոնապես բացվեց «Կինոպարկ» կինոթատրոնը: Կինոթատրոնում գործում է 5 կինոդահլիճ՝ հագեցած ֆիլմերի ցուցադրության համար առաջադեմ հնարավորություններով: Հինգ դահլիճներից երկուսը նախատեսված է 109, երկուսը` 119-ը, իսկ պրեմիում սրահը՝ 30 հանդիսատեսի համար:


Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Երևան Մոլ» բազմաֆունկցիոնալ կենտրոնի մարկեթինգի գծով տնօրեն Շուշան Ավակիմյանը, կինոթատրոնն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես, «Կինոպարկ»-ը հագեցած է գերմանական «Դիսինքես» ֆիրմային ժամանակակից կինոտեխնիկայով՝ Հայաստանում եզակի «4K ULTRA HD» որակի էկրաններով և «Դոլբի Աթմոս» ձայնային համակարգով:


Նրա խոսքերով՝ կինոթատրոնում տեղի կունենան համաշխարհային բոլոր նոր ֆիլմերի պրեմիերաները: «Ուրախ ենք հյուրընկալել բոլորին մեր նորաբաց կինոթատրոնում և մեզ համար կրկնակի պարտավորեցնող է, ինչպես նաև մարտահրավեր՝ լինել ոչ առաջին կինոթատրոնը Հայաստանում, բայց հավակնել լինել լավագույնը ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում»,- ասաց Շուշան Ավակիմյանը:


Ըստ նրա՝ առավելություններից մեկն էլ այն է, որ 2016թ-ի առաջին եռամսյակից կինոթատրոնի հաճախորդները առանց «Կինոպարկ» հաճախելու համակարգիչներից և հեռախոսների հավելվածների միջոցով հնարավորություն կունենան ոչ միայն ամրագրել տոմսեր, այլ նաև գնել և միայն ֆիլմի ցուցադրության ժամանակ ներկայանալ կինոթատրոն:
«Կինոպարկ»-ի տնօրեն Վազգեն Սաղաթելյանն էլ նշեց, որ իրենց նպատակն է ունենալ հագեցած կինոցանկ, որպեսզի բոլորն ունենան հնարավորություն կինոթատրոնում դիտելու իրենց նախընտրած ժանրի ֆիլմերը:


Վազգեն Սաղաթելյանն ասաց, որ «Կինոպարկ»-ն իր գործունեությունը սկսում է 6 ֆիլմերի ցուցադրությունով. դրանց թվում կան և՛ հայկական, և՛ արտասահմանյան ֆիլմեր։ «Վստահ եմ, որ կինոսիրողները մեզ մոտ կգտնեն իրենց նախընտրած ժանրի ֆիլմերը: Ինչ վերաբերում է որակին, ապա մենք առաջինն ենք Հայաստանում, որ ներկայանում ենք «4K ULTRA HD» որակի էկրաններով»,-ասաց Սաղաթելյանը: Նա նաև նշեց, որ իրենց ցանկությունն է վերականգնել կինոթատրոններ հաճախելու մշակույթը: «Իհարկե պետք է նկատենք, որ այսօր և կինո, և թատրոն հաճախելու մշակույթը աստիճանաբար վերականգնվում է»,- նշեց նա: