1988 թ. դեկտեմբերի 7. 27 տարի առաջ ցնցվեց Հայաստանի հյուսիսը

11:43 • 07.12.15

1988 թվական, դեկտեմբերի 7, 11 անց 41 րոպե: 1988թ.-ի երկրաշարժն ընդգրկեց հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները՝ նրա տարածքի մոտ 40%-ը։ Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական և Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի և Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղերն ու բնակավայրերը։

 

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը՝ մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17%-ը, շուրջ 8 մլն քառ. մ բնակելի տարածություն։ Դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություններ, շուրջ 1200 անասնապահական շինություններ ավերվեցին։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի։


27 տարի անց ի՞նչ է փոխվել, ի՞նչ աշխատանքներ են կատարվել, քանի՞ անօթևան ընտանիք կա: Այս հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանի հետ, ով ասաց, որ այս 27 տարիների ընթացքում խնդիրը չի լուծվել:


«Ըստ էության, այն ամբողջ պահանջվածը չարվեց, որ աղետի հետևանքներն անցնեին: 27 տարի հետո գյումրեցիները կամ աղետի գոտու այլ բնակավայրերի բնակիչներն ընդամենը մամուլով կամ մեծերի պատմելով պետք է հիշեին աղետը: Դա չարվեց: Այս պահին էլ երկրաշարժը Գյումրիում իրականություն է, որովհետև աղետի հետևանքները վերացված չեն. աղքատություն, գործազրկություն, անօթևանություն, մասսայական տնակային ավաններ, այս ամբողջի ներկայությամբ մարդիկ ապրում են 27 տարի: Սա բավական երկար ժամանակահատված է, և հիմա, կարծես թե, ժամանակը կանգն է առել»,-ասաց Վահան Թումասյանը՝ նշելով, որ ամեն բան հիշեցնում է դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժը:


Նրա խոսքով՝ մարդկային հոգեբանության մեջ այժմ ավելի ծանր վիճակ է, քանի որ բոլորը հույս ունեին, թե այնուամենայնիվ, այդ ամենը կվերականգնվի, մարդիկ կհիշեն կորուստները, կցավակցեն, բայց գոնե կապրեն արժանապատիվ կյանքով:

«Սակայն, և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով, դա տեղի չունեցավ: Թշվառությունը շարունակվում է տնակային ավաններում, մարդկանց մոտ հավատը կորել է, ընդամենը մտածում են օրվա հացի մասին»,-նկատեց Վահան Թումասյանը:

Գյումրիում, ըստ Վահան Թումասյանի, մոտ 3000 ընտանիք ապրում է ծայրահեղ ծանր վիճակում. «Հաշվի առնելով, որ Գյումրիում ապրում է առավելագույնը 100 հազար մարդ, այդ թիվը կազմում է բնակչության 15-18 տոկոսը:
 

1988 թ. դեկտեմբերի 7. 27 տարի առաջ ցնցվեց Հայաստանի հյուսիսը