Լյովիկ Զուրաբյանը թող ցույց տա 500 000 ընտրակեղծիքները, եթե ցույց չտա, ուրեմն ինքը ստախոս է. Է. Շարմազանով

01:57 • 07.12.15

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջում է, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավարը ցույց տա 500 000 ընտրակեղծիքները, ինչի մասին հայտարարեց այսօր կեսգիշերն անց հրավիրված ասուլիսին:

 

«Եթե ցույց չտա, ուրեմն պետք է հրապարակային հայտարարի, որ ինքը ստախոս է: Մանավանդ, եթե նման մեծ սուտ ասում է ուղիղ եթերով, որը տեսնում ու լսում են հարյուր հազարավոր մարդիկ»,–ասաց նա։

 

Tert.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակն ասաց. «Ափսոսում եմ, որ մեր երկրում այդպես էլ չձևավորվեց ավանդույթ, որպեսզի ընտրություններում կամ հանրաքվեի ժամանակ անհաջողության մատնված կողմը կարողանա շնորհավորել հաջողության հասած կողմին: Եվ հաջողություն մաղթելու, շնորհավորելու փոխարեն, ինչպես ընդունված է նորմալ ժողովրդավարական երկրներում, մարդիկ հապճեպ լրագրողներին քնից հանում են, հրավիրում են մամուլի ասուլիսներ, ինչ ցնդաբանություն ասես ասում են իրենց PR-ի համար»,-ասաց Շարմազանովը և նկատեց. «Բանը հասել է նրան, որ Զուրաբյան Լյովիկը ասում է, որ 500 000 ընտրակեղծիք է եղել»:

 

ՀՀԿ խոսնակի գնահատմամբ` քաղաքականության մեջ Զուրաբյանի արածը կոչվում է«դիշովի PR», անգամ չի ասում` էժանագին:

 

Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավարը ասել էր նաև, որ ճակատամարտը դեռևս տանուլ տված չէ:

 

Ի պատասխան` Էդուարդ Շարմազանովն ասաց .«Երիտասարդ, էդ մտքով է անցնում, որ մեր երկրում կարող է ճակատամարտ լինել, հայը հայի դեմ երբեք ճակատամարտի դուրս չի գա, և բոլոր նրանք, ովքեր ընտրական պրոցեսը, հանրաքվեն, քաղաքական պայքարը շփոթում են ճակատամարտերի հետ, նրանք լուրջ մտածելու բան ունեն, որովհետև ճակատամարտ լինում է թուրքի դեմ, ադրբեջանցու՝ ղարաբաղյան ճակատում»:


 

Լյովիկ Զուրաբյանը թող ցույց տա 500 000 ընտրակեղծիքները, եթե ցույց չտա, ուրեմն ինքը ստախոս է. Է. Շարմազանով