Տաջիկստանում հզոր երկրաշարժ է գրանցվել

13:50 • 07.12.15

Տաջիկստանի արևելքում Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանում՝ Սարեզ լճից 22 կիլոմետր հեռավորության վրա, 7-8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

 

Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռ չկան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Երկրաշարժի օջախը եղել է մինչև 25 կիլոմետր խորության վրա: Այդ տվյալներն է ներկայացրել ԱՄՆ ազգային երկրաբանական ծառայությունը։

 

Դուշանբեում ցնցումները զգացվել են, բայց ավերածություններ չեն գրանցվել:

 

Ականատեսների խոսքերով՝ Գորնո-Բադախշանի բնակիչների մոտ պահպանվում է տագնապը: Երեխաները դուրս են վազել ուսումնական հաստատություններից: Շրջանային կենտրոնում շտապօգնության մեքենաները շտապ բժշկական օգնություն են տրամադրում: Մարդիկ չեն վերադառնում շենքեր՝ վախենալով նոր ցնցումներից: Քաղաքի բնակիչները հայտնում են նաև, որ շենքերում ճեղքվածքներ են առաջացել: