Թուրքական ձկնորսական նավի վրա կրակ բացելու միջադեպից հետո Մոսկվան նախազգուշացրել է Անկարային «աղետալի հետևանքների» մասին

20:15 • 13.12.15

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Թուրքիայի ռազմական ատաշեին խիստ նկատողություն է հայտնել` ներկայացնելով, որ Էգեյան ծովում ռուսական պարեկային նավի և թուրքական ձկնորսական նավի միջև տեղի ունեցած միջադեպի հնարավոր հետևանքները:

РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են ՌԴ ՊՆ տեղեկատվության և մամլո ծառայության վարչությունից:

«Թուրք ռազմական դիվանագետին խստորեն ներկայացվել են հնարավոր աղետալի հետևանքները, որոնց կարող են հանգեցնել պաշտոնական Անկարայի անմիտ գործողությունները Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրենց առաքելությունն իրագործող ռուս զինվորականների նկատմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Էգեյան ծովում գտնվող ռուսական «Սմետլիվիյ» պարեկային նավի անձնակազմը նախազգուշական կրակ է բացել թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ, որը մոտենալիս է եղել ռուսական նավին՝ չպատասխանելով անձնակազմի զգուշացումներին: Միջադեպի հետ կապված էլ ՌԴ ՊՆ-ն բացատրությունների համար կանչել էր Թուրքիայի ռազմական ատաշեին:


 

Թուրքական ձկնորսական նավի վրա կրակ բացելու միջադեպից հետո Մոսկվան նախազգուշացրել է Անկարային «աղետալի հետևանքների» մասին