Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները շարունակելու ցանկության մասին

13:58 • 14.12.15

Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները չպետք է տուժեն «նախազգուշացումը չլսած օդաչուների սխալի պատճառով»։ Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը,  այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքմենստանից վերադառնալու ճանապարհին՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

 

«Մենք հակամարտության կողմնակից չենք: Մենք ցանկանում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը, նաև ցանկանում ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լինեն նախկինի նման: Մենք հաջողությամբ համագործակցել ենք 10-11 տարի, և կցանկանայինք, որ դա շարունակվեր»,- հայտնել է Էրդողանը:

 

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան չէր ցանկանա, որ նման իրավիճակ տեղի ունենար։
Նա նշել է, որ դիմել է Ռուսաստանի հարևան երկրներին՝ բանակցություններին օգնելու համար։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «երկինք-երկինք» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։ 

Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները շարունակելու ցանկության մասին