Օպերայում վերացրել են գլխավոր դիրիժորի հաստիքը, ստեղծագործական անձնակազմից մի քանիսի հետ նոր պայմանագրեր չեն կնքվել
Tert.am-ի տեղեկություններով՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական անձնակազմից ոմանց Թատրոնի ղեկավարությունը տեղեկացրել է, որ 2016-ին նրանց հետ աշխատանքային պայմանագրերը չեն թարմացվելու: Հայտնի դարձավ, որ հեռացողների թվում է նաև գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, ով սակայն, չպատասխանեց Tert.am-ի զանգերին:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական և Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց լուրերի իսկությունը, սակայն այլ մեկնաբանությամբ:
«Կարեն Դուրգարյանին չեն կրճատել, գլխավոր դիրիժորի հաստիքն են կրճատել: Մնացածը` ինքն ուզո՞ւմ է, կաշխատի, չի՞ ուզում, չի աշխատի, դա միայն պաշտոնի (հաստիքի) հարցն է, գլխավոր դիրիժոր չի ունենալու թատրոնը»,-ասաց Գեղամ Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է այն անձանց, որոնց ասվել էր, որ հունվարից չեն գալու աշխատանքի, ապա ասաց, որ նրանց փոխարինելու են այլ մասնագետներով:
«Ընտեղ մարդիկ կային, տեղավորել էին, որ օգնած լինեին, բայց մենք որոշել ենք դիպլոմավորված ռեժիսորներ հրավիրել, իրենք մեզ պետք չեն, իրենք կես դրույք… այդպես էին աշխատում։ Ի՞նչ ասեմ, հիմա իրենց տեղը ռեժիսորներ են վերցված, շուտվանից վերցրել էին, հիմա պետք էր «կարեկտիրովկա» անել»,-ասաց նա:
Գեղամ Գրիգորյանը չհստակեցրեց, թե խոսքը քանի, ըստ էության, աշխատանքից ազատված մարդու մասին է. «Ես հոգիներով չեմ խոսում»:










