Ամանորին հանրապետության տարածքում սպասվում է առատ ձյուն. Գագիկ Սուրենյան
Սկանդինավիայի շրջաններից Միջերկրական ծով ներթափանցող արկտիկական օդային հոսանքները պատճառ կդառնան հզոր ցիկլոնի առաջացման: Ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք կանխատեսվում է դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան ժամերից: Այս մասին Tert.am-ին հաղորդեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը ամբողջ Կովկասը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ճանապարհներին մերկասառույց, տեսանելիության անկում»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 31-ից հանրապետություն կներթափանցեն արկտիկական հոսանքներ, ինչի արդյունքում հատկապես ցերեկային ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:
Շարունակելով առաջիկա օրերի կանխատեսումները, Գագիկ Սուրենյանն ասաց, որ եթե մինչև դեկտեմբերի 30-ը Երևանում կանխատեսվում է ցերեկը +5...+7 աստիճան, ապա դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի ցերեկային ջերմաստիճանը չի բարձրանա -2 աստիճանից:
Հունվարի 1-ից հետո հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի լուրջ նվազում:










