Սուր շնչառական վարակների պատճառով Առողջապահության նախարարությունը ԿԳՆ-ին առաջարկել է երկարաձգել ձմեռային արձակուրդները

18:38 • 07.01.16

Արագ և օպերատիվ արձանքման աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ հերթական խորհրդակցություն է անցկացրել  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:  Հանգամանալից անդրադարձ է կատարվել հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
 

Աշխատանքային խմբի անդամներն ըստ ոլորտների  նախարարին ներկայացրել են  կատարած աշխատանքների արդյունքները, ամփոփել ամենօրյա կտրվածքով ստացված տվյալները:


Նախարարն այցելել է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, ծանոթացել  բուժում ստացող երեխաների առողջական վիճակին: Այս  պահին բաժանմունքում բուժվում է  20 երեխա, որից միայն 10-ի մոտ է առկա սուր շնչառական վարակ:


Լրագրողների հետ զրույցում  Արմեն Մուրադյանը նշել է, որ այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով հանրապետությունում գրանցվել է հոսպիտալացման 515 դեպք, որից  126-ը` թոքաբորբ:


Նախարարի խոսքով` ոչ միայն Հայաստանում, այլև  եվրոպական տարածաշրջանում է գրանցվում  գրիպի  ակտիվացում: Դեպքերի շուրջ  75  տոկոսը Ա տեսակի գրիպն, է որի գերակշռող մասը H1N1 ենթատեսակն է:


«Ժամանակին դիմելու և ինքնաբուժմամբ չզբավելու դեպքում հիվանդությունն ընթանում է որպես սովորական շնչառական վարակ»,-  պարազաբանել է Արմեն Մուրադյանը:


Նրա խոսքով` բոլոր այն դեպքերը, որոնք դիմել են հիվանդանոցային ցանց ստացել են  համապատասխան բուժում:  Բժշկական կազմակերպություններում սահմանված է ամենօրյա հսկողություն և առողջապահական համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով:


Հաշվի առնելով, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ՀՀ առողջապահության նախարարությունը ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն:


«Բնակչությունը մեր հորդորն ընկալելու, բժշկին շուտ դիմելու  և ինքնաբուժմամբ չզբաղվելու դեպքում կարող է ստանալ առավել արդյունավետ բժշկական օգնություն»,-  ասել է նախարարը: Նրա տեղեկացմամբ`   այս օրերին  ծանրաբեռնված աշխատում է նաև շտապօգնության ծառայությունը, որը միայն Երևանում օրական կտրվածքով սպասարկում է շուրջ 900 կանչ:


Այնուհետև,  նախարարը աշխատանքային խմբի անդամների հետ  շարունակել է համայցերը բժշկական կազմակերպություններ:  Ուշ դիմելիությամբ պայմանավորված բարդացած, ծանր  դեպքերը քննարկելու նպատակով հրավիրվել է հերթական բժշկական կոնսիլիումը` առաջատար բոլոր մասնագետների ներգրավվածությամբ:


Նշենք, որ առողջապահական ցանցն  ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղերով և բժշկական պարագաներով:

 

 

Սուր շնչառական վարակների պատճառով Առողջապահության նախարարությունը ԿԳՆ-ին առաջարկել է երկարաձգել ձմեռային արձակուրդները