Ի՞նչ ենք մենք այսօր տեսնում՝ քրիստոնյաների ցեղասպանություն. Համայն Ռուսիո պատրիարք (տեսանյութ)
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն օրերս տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, իսլամիստ ծայրահեղականների գործողություններին։
Նա պատմությունից օրինակներ է բերել՝ հիշեցնելով, որ քրիստոնյաների ու մուսուլմանների հարաբերությունները պատմության ընթացքում անամպ չեն եղել:
«Մենք գիտենք, որ եղել են բռնի իսլամացման դեպքեր, քրիստոնեական տարածքների զավթում, օրինակ՝ Բյուզանդիայում, սակայն եթե միայն մարտական գործողությունները մի կողմ դնենք, որոնք միշտ ուղեկցվել են երկու կողմերից էլ զոհերով, ապա այնպիսի բան, որն այսօր տեղի է ունենում աշխարհում, իսլամական աշխարհում չի եղել»,-ասել է նա:
Ռուսաստանի հոգևոր առաջնորդը որպես օրինակ նշել է Օսմանյան կայսրությունում բնակված քրիստոնյա փոքրամասնություններին, որոնց «ոչ ոք չէր սպանում»։
«Գոյություն ուներ միջկրոնական հարաբերությունների ձևավորված կարգ: Եվ մինչ այժմ էլ մուսուլմանի ձեռքին Փրկչի գերեզմանի տաճարի բանալին կա: Դա թուրքական ժամանակներից է գալիս, երբ մուսուլմանները պարտավորություն ունեին պահպանել քրիստոնեական սրբատեղիները»,-ասել է պատրիարք Կիրիլը՝ հավելելով, որ այնտեղ գործում էին եկեղեցիներ, պատրիարքություններ:
«Դա խուլ միջնադարում։ 20-րդ դարավերջ-21-րդ դարասկիզբ, և ի՞նչ ենք մենք տեսնում՝ քրիստոնյաների ցեղասպանություն»,- ասել է նա։
Ավելի վաղ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, հիշեցրել էր, որ տեղի հայ բնակչությունը վերապրում է 100 տարի առաջվա սարսափելի իրադարձությունները։
«Հայ ժողովրդի 100-ամյա ողբերգությունը մեզ ստիպում է մտածել այն մասին, որ այսօր պետք է պայքարենք մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունը պաշտպանելու համար»,-հայտարարել էր նա։
Նայել 7.50 րոպեից.










