Ամերիկյան 2 նավեր հայտնվել են Իրանի տարածքային ջրերում. անձնակազմերի անդամները ձերբակալվել են
Քուվեյթից Բահրեյն ուղևորվող երկու ամերիկյան նավեր հայտնվել են Իրանի տարածքային ջրերում, ինչից հետո Իրանի իշխանությունները ձերբակալել են անձնակազմերի 10 անդամներին, գրում է korrespondent.net-ը:
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» էլիտար ստորաբաժանումը հաստատել է Իրանի տարածքային ջրերում երկու ամերիկյան նավերի հայտնվելու մասին տեղեկատվությունը:
Կորպուսի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նավերը գտնվել են Պարսից ծոցում այժմ տեղակայված ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի մոտակայքում: Հաղորդվում է նաև, որ ամերիկյան նավերի անձնակազմերը գտնվում են ապահով վայրում:
Ինչպես նշել է CNN հեռուստաընկերությունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «կապվել է Իրանի իր գործընկեր Մուհամմադ Ջավադ Զարիֆի» հետ, և ամերիկացի նավաստիները «կարող են ամենամոտ ժամանակում ազատ արձակվել, իսկ հնարավոր է՝ արդեն ազատ են արձակվել»։










