Կանադացիները մեկնում են ԱՄՆ՝ վիճակախաղի տոմսի համար, որի ջեքփոթը կազմում է մոտ 1.5 մլրդ դոլար

10:44 • 14.01.16

Կանադայի հազարավոր բնակիչներ հատում են սահմանը և մեկնում ԱՄՆ` Powerball վիճակախաղի տոմսերի համար, որն այս շաբաթ հասել է ռեկորդային 1.5 մլրդ դոլարի` այդպիսով դառնալով ամերիկյան և համաշխարհային վիճակախաղի բիզնեսի պատմության մեջ ամենախոշորը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
 

«Տպավորություն է ստեղծվում, որ Կանադայի կեսը ժամանել է տոմսերի հետևից»,- պատմել է Հյուսիսային Դակոտա նահանգում բենզալցակայանի աշխատակիցը:

 

Նյու Յորք նահանգում մթերային խանութներից մեկի աշխատակիցը պատմել է, որ ոմանք տոմսերի վրա նույնիսկ 500-1000 դոլար են ծախսում:

 

Այն կանադացիների համար, ովքեր չեն կարող հասնել ԱՄՆ` վիճակախաղի տոմս գնելու համար, Կանադայում գործարկվել է հատուկ կայք, որտեղ կարելի է պատվիրել տոմսերը: Սակայն եթե ԱՄՆ-ում մեկ տոմսն արժե 2-3 դոլար, ապա կայքում այն արժե արդեն 23 դոլար:

 

Կանադացիները մեկնում են ԱՄՆ՝ վիճակախաղի տոմսի համար, որի ջեքփոթը կազմում է մոտ 1.5 մլրդ դոլար