ՌԴ-ն պատրաստ է քննարկել ԵՏՄ-ի և Հոնկոնգի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը. ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Հոնկոնգի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը` Հոնկոնգում ընթացող Ասիական ֆինանսական համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք վերջերս ստորագրել ենք առաջին համաձայնագիրը ԵՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին, այժմ բանակցություններ ենք վարում Իսրայելի հետ: Մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը նաև Հոնկոնգի հետ»,- ասել է Դվորկովիչը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ուղղված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ սերտ համագործակցությանը։ Փոխվարչապետի խոսքով՝ Հոնկոնգ կատարած այցի ընթացքում նախատեսվում է համաձայնագրի ստորագրում կրկնակի հարկերից խուսափելու վերաբերյալ, ինչը թույլ կտա բարելավել ռուսական և հոնկոնգյան բիզնեսի փոխգործակցությունը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության և Միացյալ ինտեգրացիոն տնտեսական տարածքի հիման վրա: Այժմ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը:










