Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29

12:41 • 22.01.16

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երրորդ արտագնա դատական նիստը։

15.10


Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29-ի ժամը 12:00-ը, քանի որ տուժողների իրավահաջորդների հարցաքննության փուլում Ավետիսյանների դստրերը` Անահիտ Կոշտոյանն ու Լուսինե Ավետիսյանը, և փեսան` Եգոր Ադամյանը, ի վիճակի չէին մասնակցել հարցաքննությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հաջորդ դատական նիստին մասնակցելու համար կծանուցվեն նաև մյուս վկաները:


13.44


Ավետիսյանների գործով դատական նիստին ներկա մի կնոջ ինքնազգացողությունը վատացավ. նիստն ընդհատվեց 

Վկաների ցուցմունքների ժամանակ դահլիճում մի քանի կանայք, հավանաբար Ավետիսյանների հարազատները, շատ են հուզվել, արտասվում են։ Նրանց մեկի ինքնազգացողությունը վատացավ, մոտեցան բուժաշխատողներ, ցուցաբերեցին առաջին օգնություն:

Դատական նիստն ընդհատվել է:


1.25



Ավետիսյանների գործով դատական նիստի ուղիղ եթերի ձայնը անջատվեց. դատավորը բավարարեց միջնորդությունը 

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն ներկայացրեցին, որ  դատաքննության ժամանակ վկաների կողմից տրված ցուցմունքները ուղիղ եթերով չհրապարակվեն, այսինքն՝ պատկերը կարող է մնալ, ձայնը՝ ոչ:

Այս միջնորդությունը հիմնավորվեց նրանով, որ այն անձինք, որոնք դեռևս սույն քրեական գործի շրջանակներում պետք է ցուցմունք տան, հնարավորություն չունենան տեղեկանան, թե ինչ փաստական հանգամանքների մասին է խոսվել:

Միջնորդությունը ոչ ոք չառարկեց, այդ թվում նաև՝ Պերմյակովը, և դատավորը բավարարեց այն:

 

13.08


Պերմյակովը իրեն մեղավոր է ճանաչում «ամեն ինչում» 

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երրորդ արտագնա դատական նիստը։

Դատախազը կարդաց մեղադրական եզրակացությունը, որից հետո դատավորը հարցրեց ամբաստանյալ Վալերի Պերմյակովին, թե  հասկանալի՞ է մեղադրանքի էությունը, բովանդակությունը, որին վերջինս դրական պատասխան տվեց:

«Դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք» դատավորի հարցին Պերմյակովը կրկին դրական պատասխանեց։

Իսկ հարցին, թե կոնկրետ ինչո՞ւմ է մեղավոր ճանաչում, նա պատասխանեց. «Ամեն ինչում»:


13.00


Ամբողջ քրգործը պետք է կցվի այս քրեական գործին. Ավետիսյանների սպանության գործով փաստաբանների միջնորդությունը 

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդություն ներկայացրեցին, որ ՌԴ համապատասխան մարմիններից պահանջել և քրեական գործին կցել այն փաստաթղթերը, որոնք միջնորդվել էին դատական քննությունը սկսելուց առաջ:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ քրեական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քննչական գործողություններ են կատարվել, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ ինչ քրեական գործողություններ:

«Ամբողջ քրեական գործը պետք է կցվի այս քրեական գործին և ոչ թե ընտրողաբար, որպեսզի ուսումնասիրեք, թե ինչ հանգամանքներ են ստիպել, որ Պերմյակովը զենքը վերցրած՝ դուրս գալ»,-ասաց գործում ներգրավված իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Դատավորը միջնորդության քննության լուծումը հետաձգեց, ինչը առաջացրեց իրավահաջորդների դժգոհությունը:

«Բոլոր կողմերն ասում եք պահանջեք, դուք ասում եք՝ ոչ, երկարաձգում ենք: Ես չեմ հասկանում՝ դուք ում շահն եք փորձում  պաշտպանել»,-ասաց Լուսինե Սահակյանը:
 

12.41


Քիչ առաջ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում սկսվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երրորդ արտագնա դատական նիստը։
 

Նշենք, որ թեև դատական նիստը նշանակված էր ժամը 12:00-ին, սակայն սկսվեց 12:30-ին: Դատական նիստ բերեցին ամբաստանյալ Վալերի Պերմյակովին, հանեցին ձեռնաշղթաները: Դատավորը դուրս հրավիրեց վկաներին և նշեց, որ նիստին չեն ներկայացրել տուժողների իրավահաջորդներից Երեմ Սարգսյանը, Երվանդ Վարոսյանը:

 

Նախորդ նիստը կայացել է հունվարի 18-ի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները  ներկայացրել էին միջնորդություններ, որոնք վերաբերում էին դատական նիստը՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցկացնելուն, դատավորի ինքնաբացարկին, որոնք դատարանը մերժել էր:
 

 

 

Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29