Բողոքի ակցիա բրիտանական դեսպանատան մոտ՝ ընդդեմ ԵԽԽՎ հակահայ զեկույցների
Հայաստանում մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև մի խումբ երիտասարդներ այսօր պահանջում էին չեղարկել ԵԽԽՎ–ում շրջանառության մեջ դրված 2 հակահայ զեկույցները և այդ մասին պահանջագիր հանձնեցին փոխդեսպանին:
Բողոքի ակցիան նախաձեռնած «Հանուն oրենքի» կազմակերպության երիտասարդները փորձեցին խորհրդանշական ձևով կաշառք հանձնել փոխդեսպանին սև և կարմիր խավիարի տուփեր` ակնարկելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խավիարային քաղաքականությանը որոշ շրջանակների տուրք տալը:
«Հանուն օրենքի» հասարակական կազմակերպության անդամ Արման Ղուկասյանը Tert.am–ի հետ զրույցում հայտարարեց, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի զեկույցները վտանգում են ԼՂ կարգավորման խաղաղ կարգավորման գործընթացը:
Զեկույցները որակելով որպես խայտառակ՝ նա ասաց, որ այն միակողմանի է։ «Մենք հասկանում ենք ինչու են այդ զեկույցները միակողմանի, բազմիցս եղել են նախադեպեր, մասնավորապես 2003–2004 թթ-ին, երբ Ադրբեջանը կարողացել է ԵԽԽՎ պատգամավորներին գնել խավիարով,և մենք որոշել ենք արտահայտել մեր վրդովմունքը և հանձնել մեր պահանջագիրը, և սիմվոլիկ կաշառք` խավիարի տեսքով` սև և կարմիր … եթե բրիտանացի պաշտոնյաները շատ են սիրում խավիար, մենք բերել ենք խավիար, որ հրաժարվեն այդ զեկույցներից»,-նշեց ՀԿ-ի անդամն ու հավելեց, որ այդքան չեն բերել, որքան տրամադրում է Ադրբեջանը, բայց, ոչինչ` կբավարարի:
Հիշեցնենք, որ խոսքը, մասնավորապես, բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցների մասին է։ Երկուսն էլ քննարկվելու են հունվարի 26¬-ին ԵԽԽՎ¬-ում կայանալիք նիստին։
Նույն ՀԿ-ի մեկ այլ անդամ էլ մեկ այլ անդամ` Ծովինար Կոստանյանն էլ հայտարարեց, որ զեկույցները ոտնձգություն են հայ ազգի և պետականության, «հայրենի հողերի հանդեպ»
«Եկել է մի սերունդ , որը թույլ չի տա նման խայտառակ ոտնձգություն, մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր հայրենիքի շահերը, ո՞վ ես դու Ռոբերտ Ոուլթեր, ով ես դու տիկին Միլիցա, որպեսզի ստիպես մեզ այդ զեկույցներով հանձնել մեր հողը , պատրաստես մի բանաձև, որ ցույց տաս, թե ինչպես պետք է մենք տնօրինենք մեր հողը: Դուք գիտե՞ք, թե ինչ է հայրենիք կորցնելը, ի՞նչ է արյամբ հայրենիք ազատագրելը»,- հարցրեց Ծովինար Կոստանյանը:
Նա նաև նշեց, որ` չգիտեն ՀՀ–ում Բրիտանիայի դեսպանատանը կարմի՞ր, թե սև խավիար էն նախընտրում, դրա համար երկուսից էլ բերել են:
Նշենք, որ ակտիվիստները եկել էին անգլերենով գրված «Ամոթ Բրիտանիա», «Մի՛ զբաղվեք Ղարաբաղով, զբաղվեք Իռլանդիայով և Շոտլանդիայով», «Ձեր համար հողակտոր է, մեզ համար` հայրենիք» «Ղարաբաղը մերն ա, Բրիտանիա դավայ դասվիդանիա» գրությամբ կարգախոսներով:
Փոխդեսպանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ եթե բանաձևերը ընդունվեն, ապա բողոքի ակցիայի մասնակիցներին կընդունեն դեսպանատանը և կլսեն նրանց դժգոհությունները:















