Կադիրովը դժգոհել է Instagram-ում «խոսքի ազատության սահմանափակումից»
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Instagram ծառայությունը հեռացրել է իր հրապարակումը, որովհետև այնտեղ խոսվում էր «ԱՄՆ-ի շղթայված շների մասին», գրում է meduza.io-ն:
Խոսքը հավանաբար Կադիրովի Instagram-ի էջից հեռացված տեսանյութի մասին է, որտեղ ընդդիմադիր քաղաքական գործիչներ Միխայիլ Կասյանովը և Վլադիմիր Կարա-Մուրզան պատկերված են հրացանի թիրախի տակ։
«Ահա ամերիկյան ձևով այդքան գովվերգված խոսքի ազատությունը։ Ինչ ասես կարող ես գրել, բայց չպետք է դիպչես Ամերիկայի շներին, պետդեպի և կոնգրեսի ընկերներին: Թե ում մասին եմ խոսում՝ շատ լավ գիտեք»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռամզան Կադիրովն Instagram-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ «ПАРНАС» կուսակցության առաջնորդ Միխայիլ Կասյանովը պատկերված է հրացանի թիրախի տակ։
«Կասյանովը Ստրասբուրգ է գնացել ռուսական ընդդիմության համար փողերի հետևից։ Ով չի հասկացել՝ կհասկանա»,- տեսանյութը մեկնաբանել է Կադիրովը։










