Հռոմի պապը կնկարահանվի արկածային ֆիլմում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կկատարի իր իսկ դերն ընտանեկան արկածային «Արևի հակառակ կողմում» անվանումով ֆիլմում, գրում է Лента-ն:
Կաթոլիկ եկեղեցու ղեկավարն առաջին անգամ կմասնակցի գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմի աշխատանքները կսկսվեն 2016թ. առաջին կեսին Իտալիայում:
Ֆրանցիսկոսն անձամբ է խնդրել կինոգործիչներին ստեղծել ֆիլմ, որը կկարողանա բացատրել երեխաներին Հիսուս Քրիստոսի ուղերձը: Նախագծի հիմքում կլինի Նոր Կտակարանը: Գլխավոր հերոսները կլինեն երեխաները, որոնք, սցենարիստ Գրասիելա Ռոդրիգեսի մտահղացմամբ, կխորհրդանշեն առաքյալներին:
Ֆիլմի վարձույթից ստացված եկամուտը նախատեսվում է փոխանցել բարեգործությանը։










