Գուանչժոու քաղաքում գնացքների հետաձգման պատճառով մոտ 100.000 մարդ է կուտակվել
Մոտ 100 հազար մարդ է կուտակվել չինական Գուանչժոուի երկաթուղային կայարանի մոտ՝ գնացքների ուշացումների պատճառով, հաղորդում է РИА Новости-ն։
Հաղորդվում է, որ փետրվարի 1-ի երեկոյան թաց ձյան և անձրևի պատճառով մի քանի գնացքի մեկնումը հետաձգվել է: Կայարան ժամանած մարդկանց թիվն աստիճանաբար սկսել է ավելանալ, իշխանությունները ստիպված են եղել արտակարգ իրավիճակների համար նախատեսված գործողությունների ծրագիր կիրառել։
Ընդհանուր առմամբ, կայարանի մոտ կուտակվել է մոտ 100 հազար մարդ: Իշխանությունները խնդրում են ուղևորներին կայարան չժամանել ավելի վաղ, քան իրենց գնացքի մեկնումից երեք ժամ առաջ։
Իրավիճակը բարդացնում է այն, որ այժմ Չինաստանում շարունակվում է «Չունյուն» ուղևորությունների ամանորյա սեզոնը, որը համարվում է աշխարհում ամենախոշոր միգրացիոն երևույթը։ Հարյուր միլիոնավոր չինացիներ մեկնում են տուն՝ Նոր տարին ընտանիքի հետ անցկացնելու համար: Այն սկսվել է հունվարի 24-ին և կտևի մինչև մարտի 3-ը։
Սեզոնի մեկնարկից ի վեր Չինաստանի տրանսպորտային համակարգն ամեն օր տեղափոխում է ավելի քան 70 միլիոն ուղևորի։










