ՄԱԿ-ն անօրինական է ճանաչել Ջուլիան Ասանժի ազատազրկումը (լրացված)
ՄԱԿ-ի աշխատանքային խումբն անօրինական է ճանաչել 2012 թվականից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը թաքնվող Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ազատազրկումը։ Այդ մասին ասված է ուրբաթ հրապարակված խմբի հայտարարությունում, գրում է РИА Новости-ն:
«WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն անօրինական կերպով զրկվել է ազատությունից Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի կողմից»,- ասված է հաղորդագրությունում:
ՄԱԿ-ի աշխատանքային խումբը կոչ է արել Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի իշխանություններին «վերջ դնել Ասանժի ազատազրկմանը» և հարգել տեղաշարժման ազատության նրա իրավունքը։
Աշխատանքային խումբը պնդում է, որ Ասանժին պետք է փոխհատուցում վճարվի ազատության անօրինական զրկման համար:
Խումբը նաև նշել է, որ Ասանժի անօրինական երկարատև ազատազրկումը տեղի է ունեցել Շվեդիայի դատախազության ոչ բավարար ակտիվ հետաքննության պատճառով:
ՄԱԿ-ի խմբի դրական եզրակացության մասին ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, հայտնել էր BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին, սակայն պաշտոնական որոշումը հրապարակվել է միայն ուրբաթ առավոտյան։
Ասանժը ՄԱԿ-ի հատուկ խմբի եզրակացությունն «իրավաբանորեն պարտավորեցնող» է անվանել:
«Դա իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է»,- նշել է նա:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՄԱԿ-ի բացասական որոշման դեպքում նա պատրաստ է դուրս գալ դեսպանատան շենքից և հանձնվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին:
Այսօր հաղորդվել է, որ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ողջունել է ազատության անօրինական զրկման վերաբերյալ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումը, որն արդարացնում է WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Նա միաժամանակ նշել է, որ Էկվադորին և Ասանժին զգալի բարոյական և նյութական վնաս է հասցվել, որը պետք է փոխհատուցել:
Ջուլիան Ասանժը հայտնի է դարձել 2006 թվականին որպես գաղտնի փաստաթղթեր հրապարակող WikiLeaks կայքի հիմնադիր։










