Սաուդյան Արաբիան իր զորքերի տեղակայումը Սիրիայում կհամաձայնեցնի Թուրքիայի հետ. The Guardian
Սաուդյան Արաբիան սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ առաջարկել է իր հատուկ ցամաքային զորքերն ուղարկել այդ երկիր` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքում հազարավոր զինվորականների հնարավոր տեղակայման գործընթացը համաձայնեցվելու է Թուրքիայի իշխանությունների հետ, գրում է The Guardian-ը։
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 2 պետությունները շարունակում են վճռական լինել Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադին տապալելու հարցում` խիստ թերահավատորեն մոտենալով 5 տարի շարունակ ծավալվող հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակին։
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Սաուդյան Արաբիան ու Թուրքիան վերջերս հիմնել են ռազմական գործողությունների համակարգմամբ զբաղվող նոր մարմին։










