Հալեպում առաջին պայթյուններից 4 տարի է անցել

12:00 • 11.02.16

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում 2012 թվականի այս օրերին՝ փետրվարի 10-ին, որոտացին առաջին պայթյունները։

 

Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում, որի թաղամասերի գերակշիռ մասն այժմ ավերակների է վերածվել, առաջին պայթյունը տեղի ունեցավ։

 

Հալեպի Ժատիտա շրջանի զինվորական կենտրոնի և Հանանո շրջանի ներքին անվտանգության ուժերի զորամասի մոտ ականապատ մեքենաների պայթյունից զոհվեց 28, վիրավորվեց 175 մարդ։
Գրանցվեցին առաջին նյութական վնասները։

 

Զոհերի թվում էին շարքային քաղաքացիներ, զինվորականներ ու մանուկներ։

 

Այդ պայթյունների ընթացքում գրանցվեց նաև առաջին հալեպահայ նահատակը՝ 26-ամյա Վիգեն Հայրապետյանը։

 

Այդ օրվանից ի վեր Հալեպում պայթյունները, ավերածությունները, ռումբերն ու հրթիռները գրեթե չեն դադարել։ Հալեպի հայ համայնքի զգալի մասը լքել է քաղաքը, որն այժմ ուրվական է հիշեցնում։

 

Քաղաքում խափանված է ջրամատակարարումն ու էներգամատակարարումը, հսկայական վնասներ են գրանցվել։ Զգալի վնասներ է կրել նաև հայ համայնքին պատկանող ունեցվածքը՝ եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային վայրեր, բնակարաններ, աշխատավայրեր, խանութներ։

 

Հալեպում Tert.am-ի աղբյուրները պատմում են, որ իսլամիստ ծայրահեղականներն արդեն երկար ժամանակ է՝ գրավել են քաղաքին ջուր մատակարարող կենտրոնն ու բնակիչներին թողել նոր փորված հորերից դուրս բերվող ջրի հույսին, որոնք խմելու համար պիտանի չեն։ Խմելու ջուրը բնակիչները ստիպված են լինում գնել։

 

Էներգամատակարարում ևս չկա գրեթե ողջ քաղաքում։ Բնակիչները ստիպված են լինում թաղամասերի որոշ հատվածներում տեղադրված, վառելիքով աշխատող սարքերի արտադրած էլեկտրաէներգիան գնել՝ տան լուսավորությունն ապահովելու կամ կենցաղային մանր կարիքները հոգալու համար։

 

Չնայած հաղորդվում է, որ սիրիական կառավարական զորքը, ռուսական օդուժի աջակցությամբ, հաջողություններ է գրանցում Հալեպի մոտակայքում, սակայն դրանից քաղաքի անվտանգության վիճակը չի բարելավվել։ Հալեպի երբեմնի հայաշատ թաղամասերում մերթընդմերթ ռումբեր են պայթում, իսկ ահաբեկիչներն այնքան մոտ են, որ նրանց ինքնաշեն «հրթիռները»՝ հիմնականում գազի բալոններից պատրաստված, հեշտությամբ հասնում են բնակելի թաղամասերին ու զգալի մարդկային ու նյութական վնասներ հասցնում։

 

Վերջին նման միջադեպը տեղի էր ունեցել օրեր առաջ՝ Հալեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, հայկական ծերանոցի ու ճեմարանի մոտակայքում։

 

Սիրիահայ վերջին զոհը գրանցվել էր օրերս՝ Նոր գյուղ թաղամասում. հայ զոհը 26 տարեկան էր։ 

Հալեպում առաջին պայթյուններից 4 տարի է անցել