«Ամենախելացին» հեռուստանախագիծը կշարունակվի, ստորագրվեց 3-րդ և 4-րդ եթերաշրջանն իրականացնելու մասին հուշագիր

14:49 • 13.02.16

«Արմենիա Թի Վի» ՓԲԸ–ն, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ այսօր «Օպերա Սյուիթ» հյուրանոցում ստորագրեցին եռակողմ համագործակցության հուշագիր, «Արմենիա» հեռուստաընկերությամբ «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի երրորդ եթերաշրջանը իրականացնելու վերաբերյալ։


Համագործակցության հուշագիրը «Արմենիա Թի Վի»-ի կողմից ստորագրեց հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, ՀՀ ԿԳՆ-ի կողմից՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Հարությունյանը և «Գազպրոմ Արմենիա»–ի կողմից՝ աշխատակազմի ղեկավար Լևոն Միքայելյանը:

 

Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը նշեց, որ «Ամենախելացին» նախագիծն ունենալով երկու եթերաշրջանների փորձ, բավական արագ ձեռք բերեց հայտնիություն, գրանցվեց  ինտելեկտուալ խաղի համար աննախադեպ բարձր վարկանիշ: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակներին և կարևորեց, որ այս նախագիծը լինելու շարունակական:

 

«Հայաստանում իրականություն դարձավ այս մեգանախագիծը շնորհիվ այս մարդկանց, ովքեր պատրաստ էին ոչ միայն գումար ծախսել, այլ հավատում էին, որ այս որակի, ծավալի աշխատանք հնարավոր է անել մեր երկրում»,- ասաց նա և ավելացրեց, որ հատկապես հաճելի էր այն, որ երեխաների մեջ այն հետաքրքրություն մտցրեց: Նախարարն այս նախագիծը «շարժում» համարեց:
 

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը իր հերթին նշեց, որ այսպիսի գաղափարները շատ քիչ են Հայաստանում, և նման բարդ խնդիրների մոտենալու վախ կա մշտապես:

 

«Մենք, երբ որ նախագիծը սկսում էինք, ուզում էինք, որ այն մթնոլորտ փոխի, աշակերտների, երիտասարդների մոտ մրցման ցանկություն առաջանա ոչ միայն այլ ոլորտներում, այլ նաև գիտելիքի, ամենախելացին լինելու ցանկությունը մեծանա: Ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել այս շարժումը և նախագծին մասնակցելը պատիվ է ցանկացած աշակերտի, ուսանողի համար»,- ասաց Արմեն Արզումանյանը և կարծիք հայտնեց, որ նախագիծն առաջիկայում խթան կլինի մյուս ոլորտներում, մյուս գործընկեր հեռուստաալիքներում։

 

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն որոշեց ընդունել գործընկերության առաջարկն ու հովանավորել նախագիծը, քանի որ այն ամբողջությամբ համահունչ է ընկերության կողմից իրականացվող «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի նպատակներին:

 

Նա նշեց, որ իրենք կարևորում են հեռուստանախագծի նպատակաուղղվածությունը՝ բացահայտել և ասպարեզ բերել խելացի, տաղանդավոր երեխաներին, հնարավորություն ընձեռել նրանց վստահ զգալ իրենց, փորձել այդ գիտելիքները դրսևորել մրցակցային միջավայրում: ««Գազպրոմ Արմենիա»–ն կանգնած է հետուստանախագծի կողքին, պատրաստ է աջակցել, նաև հետամուտ լինել հետագայում հաղթող մասնակիցների առաջընթացի գործում»,- ասաց նա:

 

Հեռուստանախագծի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ ասաց, որ այս մեկ տարվա ընթացքում հասկացան, որ իսկապես ամենախելացիներն են այստեղ մրցում: ««Ամենախելացին» սովորական, հավասար հարթակ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապացուցել, ներկայացնելով իր գիտելիքը, ինքնությունը: Ընդամենը խաղ է, բայց մեծ բանալի է վաղվա օրվա համար»,– ասաց նա:

 

«Ամենախելացին» խաղի գլխավոր խմբագիր Կարեն Քոչարյանը կարևորեց այս նախագիծը մի քանի առումով և նշեց, որ ամենահաջողած նախագծերից մեկն է: Նա ասաց, որ հաճելի է աշխատել երեխաների հետ և սա այն նախագիծն էր, որի արդյունքը շատ արագ տեսան:


«Երեխաները հասկացան, որ իրենց գիտելիքի շնորհիվ կարող են դառնալ հանրաճանաչ ամեն մեկն իր բնակավայրում, իսկ հետո ամբողջ հանրապետությունում կարող են հասնել մեծ բարձրունքների»,-ասաց նա և ամենամեծ նվաճումն այն համարեց, որ ամբողջ հանրապետություններում ոչ ֆորմալ մակարդակներում՝ գյուղերում, դպրոցներում, խաղում են «Ամենախելացին»:

«Ամենախելացին» հեռուստանախագիծը կշարունակվի, ստորագրվեց 3-րդ և 4-րդ եթերաշրջանն իրականացնելու մասին հուշագիր