ԱՄՆ-ի իշխանությունները ցանկանում են ձեռք բերել Apple-ի բոլոր սարքավորումների հասանելիությունը. Սնոուդեն
ԱՄՆ-ի իշխանությունները չեն սահմանափակվի միայն iPhone սմարթֆոնով, նրանք ցանկանում են հասնել Apple ընկերության բոլոր սարքավորումների հասանելիությանը։ Նման հայտարարություն է արել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Twitter սոցկայքում, գրում է Вести-ն:
Ավելի վաղ դատարանը պարտավորեցրել էր ամերիկյան ընկերությանը ՀԴԲ-ին տրամադրել հատուկ ծրագրային ապահովում, որը թույլ կտա հատուկ ծառայություններին շրջանցել սարքում տեղադրված հատուկ պաշտպանությունը:
Դատարանի կարծիքով՝ ընկերությունը պետք է օգնի ՀԴԲ-ին կոտրել չեզոքացված ահաբեկիչ Սաիդ Ֆարուքին պատկանող հեռախոսը։ Վերջինս մասնակցել է Սան Բերնարդինո քաղաքում հաշմանդամների կենտրոնի վրա իրականացված հարձակմանը, որի հետևանքով դեկտեմբերի 2-ին 14 մարդ էր զոհվել, 21-ը` վիրավորվել:
«Այդ տեխնոլոգիական մոդիֆիկացիաները, որոնք պահանջում է ՀԴԲ-ն, հնարավոր կդարձնեն iPhone 5C կամ այլ մոդելի կոտրումը կես ժամվա ընթացքում»,- ասել է Սնոուդենը` մեկնաբանելով դատարանի որոշումը:
Apple-ի ղեկավար Թիմ Քուքն արդեն հայտարարել է, որ կվիճարկի ՀԴԲ-ի որոշումը:
«Տվյալ քայլը կառավարության կողմից աննախադեպ է, ոչ խելամիտ և անօրինական»,- հայտարարել է «Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Ալեքս Էբդոն։










