Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy S7, S7 edge սմարթֆոններն ու Gear 360 տեսախցիկը
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը Բարսելոնայում մեկնարկած Mobile World Congress ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է նոր Galaxy S7, S7 edge սմարթֆոնները, ինչպես նաև՝ Gear 360 տեսախցիկը։
Ինչպես հայտնում է lenta.ru-ի թղթակիցը, նոր սմարթֆոնները դիմակայուն են ջրի ու փոշու նկատմամբ, ինչպես նաև ունեն microSD քարտերի համար սլոթեր:
Հայտնի է, որ S7 մոդելն ունի 5.1 դյույմ անկյունագծով, 2560х1440 լուծաչափով Super AMOLED էկրան, մինչդեռ S7 edge-ի էկրանն ունի 5.5 դյույմ անկյունագիծ։ Աղբյուրը մանրամասնում է, որ այս էկրանների առավելությունն Always On Display գործառույթի մեջ է, որի շնորհիվ օգտատերը ստանում է առաջնային կարևորություն ունեցող ծանուցումները նույնիսկ անջատված էկրանին։
Բացի այդ, սմարթֆոնները համալրված են 8 միջուկանի Exynos 8890 կամ Snapdragon 820 պրոցեսորով, 4 գիգաբայթ օպերատիվ և 32 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ, 12 մեգապիքսելանոց տեսախցիկներով։ Հեռախոսներն ունեն մատնահետքերի սքանավորման գործառույթ:
Ինչ վերաբերում է Gear 360 տեսախցիկին, ապա այն կարող է տեսանկարահանել 4K որակով ու իրական ժամանակի ռեժիմում հեռարձակել տեսանյութը սմարթֆոնով կամ համակարգչով։










