ՌԴ ընդդիմությունը պատմել է Կադիրովի «մասնավոր բանակի» մասին

09:28 • 23.02.16

ՌԴ կազմում ներառված Չեչնիայի Հանրապետությունում զինված խմբավորումները հավատարիմ են անձամբ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին և կախված չեն Ռուսաստանի կառավարությունից։ Այդ մասին ասված է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության տարելիցին նրա դաշնակիցներից Իլյա Յաշինի պատրաստած զեկույցում, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին, Յաշինը ներկայացնելու է իր զեկույցը լայն հանրությանը։

 

Նախօրեին The New Times լրատվամիջոցը հրապարակել է զեկույցի մի մասը՝ «Մասնավոր բանակ» հատվածը՝ նվիրված Չեչնիայի ուժային կառույցներին։

 

Այդ հատվածում նկարագրվում է Չեչնիայի ուժային կառույցներում տիրող իրավիճակի և Դոնբասում մարտական գործողություններում «Կադիրովի մարդկանց» մասնակցության մասին։

 

Յաշինը նշում է, որ Չեչնիայում ստեղծված շրջանային բանակը հավանաբար ամենամարտունակ ռազմական խմբավորումն է ժամանակակից ՌԴ-ում: Կադիրովի զինված մարդկանց թիվը, փորձագետների գնահատմամբ, մոտենում է 30 հազարին։ Նրանց զգալի մասը պաշտոնապես ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցներ են և ՌԴ ներքին զորքերի ծառայողներ։

 

«Փաստացիորեն Չեչնիայի տարածքում գործող զինված խմբավորումները կախված չեն իշխանության դաշնային մարմիններից և հավատարիմ են միայն Չեչնիայի նախագահին: Միայն Չեչնիայում է Կրեմլը թույլ տվել ստեղծել տեղական ստորաբաժանումներ, որոնք ենթարկվում են դե-ֆակտո միայն հանրապետության նախագահին»,- ասված է զեկույցում: