Թուրքիայում ազատ են արձակվել հատուկ ծառայությունների ու իսլամիստների կապը բացահայտած լրագրողները
Թուրքիայի սահմանադրական դատարանը վճռել է ազատ արձակել «Ջումհուրիյեթ» թերթի լրագրողներ Ջան Դյունդարին ու Էրդեմ Գյուլին, որոնք արդեն 92 օր ազատազրկված են Թուրքիայի հատուկ ծառայությունների՝ Սիրիայի իսլամիստներին աջակցելու մասին բացահայտումների համար, գրում է BBC-ն։
Սահմանադրական դատարանի խորհուրդը 12 կողմ, 3 դեմ ձայներով վճռել է ազատ արձակել «Ջումհուրիյեթ» թերթի խմբագիր Ջան Դյունդարին ու Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլին՝ «անձի ազատության ու անվտանգության», «մամուլի ազատության», «ազատ խոսքի» իրավունքները չոտնահարելու համար։
Ավելի վաղ լրագրողական գործունեության պատճառով Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի համար ցմահ ազատազրկման պահանջ էր ներկայացվել։
Անցյալ տարվա մայիսին նրանք «Ահա և ըստ Էրդողանի գոյություն չունեցող զենքերը» խորագրով նյութ էին պատրաստել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայություններին պատկանող բեռնատար մեքենաների մասին, որոնք զենք էին մատակարարում իսլամիստներին։
Դրանից հետո պետական անվտանգության մասին տեղեկությունների հրապարակման, պետական և ռազմական լրտեսության, գաղտնի տվյալների հրապարակման և ահաբեկչական կազմակերպության քարոզչության մեղադրանքներով նախաքննություն էր սկսվել նրանց նկատմամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ջումհուրիյեթին» և Դյունդարին դավաճանության համար էր մեղադրել։
Լրագրողների բանտարկությանն իրենց բողոքն արտահայտելու համար Թուրքիայի տարբեր քաղաքներում բազմաթիվ մտավորականներ, գիտնականներ, գրողներ և արվեստագետներ ցույցեր էին կազմակերպել։










