Սիրիայի ընդդիմադիրներն Ասադի զորքերին մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու համար. Reuters

13:47 • 27.02.16

Սիրիայի ընդդիմադիր ուժերը հայտնել են, որ նախագահ Բաշար ալ- Ասադի զորքերն առավոտյան ժամը 04:00-ին խախտել են հրադադարի ռեժիմը երկրի հյուսիս-արևմտյան հատվածում՝ սպանելով 3 զինյալի:

 

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել թուրքական սահմանից ոչ հեռու` Լաթաքիա շրջանում։ Հայտնի է, որ սպանված ընդդիմադիրները եղել են Երկրորդ մերձափնյա դիվիզիայից:

 

«Փաստացի, կառավարությունը համաձայնել է հրադադարի հաստատմանը, սակայն խախտում է իր խոստումը»,- դեպքի առնչությամբ նշել է Առաջին մերձափնյա դիվիզիայի խոսնակ Ֆադի Ահմադը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սիրիայի ժամանակով կեսգիշերից պաշտոնապես ուժի մեջ է մտել երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության ջոկատների միջև:
 

Հրադադարի ռեժիմի հաստատման հույսերը հայտնվել էին երկուշաբթի, երբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդես եկան Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։

 

Համաձայն հայտարարության, որն արդեն ստացել է Դամասկոսի, ընդդիմադիր մի շարք խմբավորումների և Սիրիայի աջակցության միջազգային խմբի մի շարք երկրների հավանությունը, հրադադարը չի տարածվի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան- Նուսրա», ինչպես նաև այլ խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական են ճանաչվել։
 

 

Սիրիայի ընդդիմադիրներն Ասադի զորքերին մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու համար. Reuters